Մարտի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանը այցելեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» ծննդատուն, հանդիպեց ողջ բժշկական անձնակազմի հետ։ Տեր հայրն հանդիպման ընթացքում օրհնեց ներկաներին, և մաղթանք հղեց բոլորին, այնուհետև ծննդատան բակում գտնվող մատուռում, խոսեց Մեծ Պահքի կիրակիների մասին և հորդորեց մաքուր պահել միտքը, սիրտը, զգայարանները և արժանի կերպով դիմավորել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը։ Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանը ներկաներին խոստացավ, որ այցերը լինելու են պարբերաբար և գալիք Ավետման տոնին ևս կայցելի և իր օրհնությունը կփոխանցի ծննդկաններին և նորածիններին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին