Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: 

 

 

Ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Եռօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կազմակերպա-իրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր:

 

 

Ժողովի սկզբում անդրադարձ կատարվեց մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողություններին: Տեղեկացվեց, որ առաջիկա օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմեկնի Ստամբուլ մասնակցելու Մեսրոպ Պատրիարքի հուղարկավորությանը և սգացյալ ժողովրդին փոխանցելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի վշտակցության խոսքը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

 

 

Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ) գումարման կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` հանգամանորեն ներկայացնելով ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի, ինչպես նաև օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքը: 

 

 

ԳՀԽ անդամները լսեցին նաև Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը: Տաճարի վերանորոգության նախագծի ճարտարապետ Ամիրան Բադիշյանը և Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանն անհրաժեշտ լուսաբանությունները տվեցին տաճարի ամրակայման և վերանորոգության, նաև հընթացս աշխատանքների ծագող նոր խնդիրների մասին: Տեղեկացվեց, որ տաճարի ներքին աշխատանքները ծրագրվում է ավարտել 2020 թվականին:  

 

 

Նկատի ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքների ծավալը և ժամանակատարությունը, ինչպես նաև Մայր Տաճարի վերանորոգման ընթացքը` Գերագույն հոգևոր խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ որոշեց Ազգային-Եկեղեցական ժողով գումարել 2020 թ. նոյեմբերի 1-8-ը:

 

 

Մայր Տաճարի նորոգության պատճառով նպատակահարմար նկատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակին նվիրված հանդիսությունները ևս անցկացնել առաջիկա տարի: 

 

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցի-պետություն հարաբերություններին, տեղեկացվեց ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մասին, որի նպատակն է առավել զորացնել եկեղեցի-պետություն գործակցությունը ի նպաստ երկրի հզորացման: Գոհունակությամբ լսելով զեկույցը` ԳՀԽ անդամները կարևորեցին պետության հետ գործակցությունը և հաջողություններ մաղթեցին նորակազմ աշխատանքային խմբի աշխատանքներին:

 

Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց լսեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ, որը համակարգվում է «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանի կողմից: Տեղեկություններ տրվեցին կատարված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին։ Վերջում Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անունից գնահատանք հայտնեց համակարգող խմբին իրենց ջանադիր ծառայության համար։

 

Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված միջոցառումների ծրագիր-առաջարկ ներկայացրեց հոբելյաններին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց տարվա կտրվածքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերում կազմակերպել հիշատակի արարողություններ և հոգևոր-մշակութային, գիտակրթական, գեղարվեստական, ճանաչողական միջոցառումներ: 

 

 

2019 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի տարի: Այս շրջանակներում ժողովականները անդրադարձ կատարեցին հայ ընտանիքի առջև ծառացած արդի խնդիրների հաղթահարման գործում Հայոց Եկեղեցու հովվական առաքելությանը հայրենիքում և սփյուռքում` որդեգրելով Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվելիք մի շարք հոգևոր, սոցիալական, գիտա-ճանաչողական, հովվական, քարոզչական ծրագրեր: 

 

 

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը: Ժողովականները քննության առան նաև Մայր Աթոռի գործունեության ֆինանսական հաշվետվությունը և Վերստուգիչ հանձնախմբի տարեկան զեկույցը:

 

 

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

  • 2019-03-15
×