Նշվեց արև-երեխաների միջազգային օրը

Նշվեց արև-երեխաների միջազգային օրը

Մարտի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում տեղի ունեցավ բարեգործական համերգ և կայքի շնորհանդես՝ նվիրված Դաունի համախտանիշ ունեցող անձանց միջազգային օրվան։ Երեկոյին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախագահ Կարեն Նազարյանը, կառավարության անդամներ:


Նավասարդ Սրբազանի նախագահությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով։ Դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորաբար ասաց.

«Այսօր Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա առթիվ համախմբվել ենք` արև-երեխաներին փոխանցելու մեր օրհնությունը, սերն ու հոգատարությունը:
 

Օրհնաբեր և հոգեշահ այս միջոցառմանը բոլորս ներկա ենք այն հավատքով ու վստահությամբ, որ ծնողների, մտահոգ ու բարեհոգի մարդկանց  հոգատարության, համապատասխան օգնության, ինչպես նաև հասարակության աջակցության շնորհիվ Դաունի համախտանիշով մարդիկ կարող են լուրջ ձեռքբերումների հասնել և դառնալ մի մեծ արև, որի ջերմությունն ու լույսը կմխիթարի  ամենքիս:
 

Այսօրվա ամենակարևոր պատգամն այս է՝ Դաունի համախտանիշով մարդիկ պարզապես մարդիկ են ու վերջ. մարդիկ, ովքեր իրենց մեջ ամբարված սիրով, աստվածահայտ անկեղծությամբ, լուսավոր հայացքով, ժպտացող բարությամբ և անկոտրում պայքարով պատմում են Աստծո փառքի մասին: Ահա, թե ինչ նկատի ուներ Քրիստոս, երբ Նրան հարցրեցին, թե մեղքն ո՞ւմն է, որ այս մարդը կույր է ծնվել, նրա՞նն է, թե՞ նրա հորն ու մոր: Տերը պատասխանեց՝ ոչ մեկը և ոչ էլ մյուսը, այն Աստծո փառքի համար է:
 

Այս երեխաների մաքուր ու անկեղծ հոգիներն այն հայելիներն են, որոնց մեջ Աստված տեսնում է Իր հանդեպ ունեցած մեր սերը, բայց նաև՝ այն անդաստանն են, որտեղ գործնականում արտահայտվում է այդ սերն առ Աստված։ Այսօր իրենք են մեր ուսուցիչները, որ սովորեցնում են սիրել, ընդունել, ծառայել, հոգատար ու բաց լինել:


Մեր հասարակության մեջ դեռևս պահպանվում է այս հիվանդության խարանը և նման երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքը: Սակայն ազնիվ հոգատարությունը, անմնացորդ սերը, ամենքիս վերաբերմունքի փոփոխությունը նման միջոցառումների շնորհիվ, մեծապես կնպաստեն հասարակության մեջ այս երեխաների լիարժեք ինտեգրմանը:

 

Իրենց հաղթանակներով, հաջողություններով ու հրաշալի օրինակներով այս երեխաները զարդարում են մեր կյանքը, ինչպես նաև առիթ տալիս՝ վերաարժևորելու ամենքիս առաքելությունը:
 

Մեր օրհնությունն ու խոնարհումն ենք բերում ծնողներին, ովքեր իրենց օրինակով ու կյանքով վկայում են, որ իրենց երեխաները կարող են:

Մեր օրհնությունն ու գնահատանքը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական համայնքին, «Արև-երեխաներ» ՀԿ-ին և մասնավորաբար Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանին այս հոգենորոգ միջոցառման, գեղեցիկ երգի և նոր կայքի համար, որոնք կարևոր առաքելություն ունեն՝ ամենքիս սովորեցնելու տեսնել այն լույսն ու արևը, որ կա այս երեխաների սրտում:
 

Աղոթում ենք, որ բարեգութ Աստված առողջություն պարգևի մեր երեխաներին, համբերությամբ զորացնի ծնողներին և ամենքիս. համբերությունը զորացնելու երկու ճանապարհ կա` ժպիտը, որ ուղղված է դեպի անձդ և աղոթքը, որն ուղղված է առ Աստված:
 

Այո՛, դուք կարող եք…Թող Ամենակարող Աստված, ընդունի ձեր այս աղոթքը և Իր շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն ամենքիդ հետ: Ամեն:»


Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն իր շնորհակալությունը հայտնեց բոլորին, ովքեր իրենց ներկայությամբ զորավիգ ու կարեկից են Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին։ Տեր հայրը պատմեց, որ շատ բարդ հոգեբանական ապրումներ է ունեցել, երբ պարզվել է, որ իր որդին Դաունի համախտանիշ ունի։ «Ես էլ շատ ծնողների նման հարց էի տալիս՝ ինչու՞ ես։ Սկզբում չէի հասկանում… Հիմա գիտեմ, որ ես, որպես հոգևորական, պետք է այս արև-երեխաների կողքին լինեմ։ Մենք ունենք բոլորիդ աջակցության կարիքը։ Խոսքը դրամական, նյութական օգնության մասին չէ։ Խոսքը ձեր հոգատարության, ուշադրության մասին է, որի կարիքն ունեն թե՛ այս արև-երեխաները, թե՛ նրանց ծնողները»։


Այնուհետև հանդիսատեսի դատին հանձնվեց «Ես կարող եմ» սոցիալական հոլովակը, որը նկարահանվել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Հոլովակը նպատակ ունի հրավիրել հասարակության ուշադրությունը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց խնդիրների վրա՝ նրանց հասարակության մեջ լիարժեք ներգրավման և աջակցելու համար։


Միջոցառման համերգային մասը սկսվեց Դաունի համախտանիշով երեխաների համար գրված՝ «Արևի աշխարհ» երգով, որը կատարեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Կարինե Եզեկյան)։ Երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանը՝ Սուսաննա Հովհաննիսյանը։

 

Գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցավ նաև «Մխիթարյան քույրեր և ընկերներ» էթնո երաժշտախումբը։


Համերգի հասույթի մի մասը տրամադրվելու է աշխարհի Հատուկ օլիմպիական խաղերի լողի երկակի չեմպիոն Տիգրան Գրիգորյանին, ով վերջերս կորցրել է մորը, գտնվում է մորաքրոջ հոգածության տակ։ Մյուս մասը կուղղվի այս երեխաների բուժմանը։


Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի և «Արև-երեխաներ» ՀԿ-ի ջանքերով ստեղծվել է կայք՝ http://downchildren.am/, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ու նրանց ծնողների համար։ Այս ամենից զատ մի քանի ամիսների ընթացքում բավական մեծ աշխատանք է տարվել։ Հայաստանում գրանցված են Դաունի համախտանիշ ունեցող 60 երեխա, սակայն «Արև-երեխաներ» ՀԿ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել են ևս 60-ը, որոնք ունեն բժշկական ստուգումների, հատուկ խնամքի կարիք։ Տարբեր միջոցներով ու բարերարների աջակցությամբ հավաքված գումարներով «Արև-երեխաներ» ՀԿ-ն նրանց համար պարբերաբար կազմակերպում է բժշկական ստուգումների ու խորհրդատվության անցկացում։ Հատկապես ուշադրության կենտրոնում են մանկատներում ապրող Դաունի համախտանիշ ունեցող երեխաները։



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-03-22
×