Երիտասարդները նշեցին Միջինքը

Երիտասարդները նշեցին Միջինքը

Մարտի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ թեմի երիտասարդական միություններն առաջնորդարանում նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստների հյուրասիրությամբ, երգուպարով: Ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակույթի բաժնի պետ Գարիկ Նազարյանը, բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, Երևանի վարչական շրջանների մշակույթի բաժինների ղեկավարները: Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունելով ներկաներին՝ իր գնահատանքի խոսքն ուղղեց երիտասրարդներին, ովքեր, թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, ջանասիրաբար պատրաստվում ու մեծ շուքով նշում են ազգային-եկեղեցական տոները: Նավասարդ Սրբազանն իր գնահատանքը բերեց նաև Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի աշխատակիցներին՝ Ս. Սարգսի ու Բուն Բարեկենդանի տոների առթիվ Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ իրականացված ծրագրերի համար: Ապա Սրբազան հայրը շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեց Երևանի վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժին պետերին, «Վան» ու «Վարք» հայոց ազգագրական խմբերին։: Պատվոգրերի արժանացան Շենգավիթ, Աջափնյակ ու Նուբարաշեն վարչական շրջանները, իսկ Ավան վարչական շրջանն արժանացավ հատուկ գավաթի՝ Բուն Բարեկենդանի լավագույն միջոցառումը կազմակերպելու համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակույթի բաժնի պետ Գարիկ Նազարյանը շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին ու Արարատյան Հայրապետական թեմին՝ իրենց աշխատանքը արժևորելու և գնահատելու համար: Պարոն Նազարյանը Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների անունից խոստացավ ավելի մեծացնել համագործակցության շրջանակը՝ ի շահ մեր ազգի ու մեր պետության: Երիտասարդաց միության անդամները ներկաներին հյուրասիրեցին միջինքի ուտեստներով՝ կուտապ, թթվեպաս, օձի թթու, թոփիկ, մախոխապուր, պասուց տոլմա, փուռդիկ, պուրմա և այլն: Երիտասարդները պատրաստել էին նաև Միջինքի զարդ համարվող բաղարջ հացը, որի մեջ մետաղադրամի փոխարեն խաչ էին տեղադրել: Երիտասարդական միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը կտրեց Միջինքի բաղարջ հացն ու օրհնված խաչը բաժին ընկավ Գարիկ Նազարյանին: Միջինքը տոնի վերածվեց «Վարք հայոց» երգի-պարի ազգագրական խմբի ելույթով, որին միացան բոլոր մասնակիցները:

 

 Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-03-27
×