-Մեծ Պահքը կիսվե՞ց:
-Այո՛, այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Միջինքը, ինչը նշանակում է՝ մարդիկ արդեն քսանչորս օր է, ինչ Մեծ Պահքի մեջ են գտնվում:
Հնուց ի վեր մեր ժողովուրդը սիրել է տոնել Միջինքը տարբեր սովորություններով, որոնք մինչ օրս արդիական են:
Միջինքին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ` այցելություններ, հյուրասիրություններ, տոնախմբություններ:
Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի գլխավորությամբ Միջինքը նշեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր այցելությամբ: Հիվանդանոցում երեխաների համար կազմակերպվել էր միջոցառում՝ ծաղրածուի և հեքիաթի հերոսների մասնակցությամբ. «Աշխարհում չկա մեկը, որ աղոթքի, օրհնության կարիք չունենա, բայց այս մանուկները, որոնք կյանքի պայքար են մղում, ավելի շատ ունեն այդ ամենի անհրաժեշտությունը, - իր խոսքում նշեց Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը: Ավանդական դարձած միջոցառումն ամեն տարի անցկացվում է ուրախ մթնոլորտում՝ մեծ թվով երեխաների մասնակցությամբ: «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը նշեց՝ պետք է հավատալ, որ հիվանդություններն անպայման հաղթահարվելու են:
Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցում նշվեց Միջինքը՝ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի գլխավորությամբ, ով միջոցառման սկզբում կատարեց օրհնության կարգ, ինչին հաջորդեց համերգ՝ կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Տիկնանց և Երիտասարդաց միության անդամները, թաղապետարանի և ՀՕՄ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի սաներն ու համայնքի հավատացյալները:
Միջոցառման ավարտին Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի հետ միասին կտրեցին Միջինքի գաթան և շնորհավորեցին մեկմեկու:
Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու Տիկնանց միությունը եկեղեցու այցելուներին Միջինքի բաղարջահաց հյուրասիրեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանի գլխավորությամբ: Միջինքի կերակրատեսակներով հարուստ սեղանը օրհնելուց հետո ներկաներին բաժանվեց Միջինքի գաթաներ, որոնց մեջ կային տողեր սաղմոսներից:
Միջինքը նշվեց նաև Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցում՝ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի գլխավորությամբ, որտեղ Երիտասարդաց միության անդամները նախապես սեղան էին պատրաստել Միջինքին հատուկ կերակրատեսակներով: Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը խոսեց Միջինքի պատմության, դրան բնորոշ սովորությունների մասին, այնուհետև բոլոր ներկաների հետ միասին կտրեցին Միջինքի գաթան:
Միջինքը նշվեց նաև Արարատ մարզի մի շարք համայնքներում:
Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ Արտաշատի տարածաշրջանային պետական քոլեջում նշվեց Միջինքը, որտեղ ուսանողները դիտեցին ապաշխարության մասին ֆիլմ, այնուհետև հարց ու պատասխանի ձևով ստացան իրենց հուզող պատասխանները՝ եկեղեցական այս կամ այն թեմայի շուրջ, ինչին հաջորդեց գաթայի կտրելու արարողությունը:
Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանն էլ Միջինքը նշելու իր կերպն էր ընտրել. խոկման արարողության ժամանակ, որին ներկա էին բացառապես միայն համայնքի դպրոցների Հայ Եկեղեցու պատմության ուսուցիչները, Տեր Դավիթը «Միջինք. Մեծ Պահքի կես» թեմայով քարոզ խոսեց: Հանգստյան ժամերգությունից հետո խոկման մասնակիցները ապաշխարության շարականների երգեցողության ներքո աղոթեցին մեր երկրի և եկեղեցու զորացման, մասնակիցների առողջության և հոգևոր խաղաղության համար:
Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ եկեղեցու բակում կազմակերպեց Միջինքի հյուրասիրություն և պահքի ուտեստների մրցույթ:
Միջինքի գաթայի կտրելու ժամանակ ստացվեց այնպես, որ գաթայի խաչը բաժին չհասավ ոչ ոքի. «Ըստ ժողովրդական հավատալիքի նման դեպքում հաջողությունը բոլորինն է»,- ասաց Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանը:
Միջոցառման վերջում իրենց երաժշտական համարներով հանդես եկան Երիտասարդաց միության անդամները:
Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում միասնաբար նշվեց Միջինքը՝ հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի գլխավորությամբ: Ներկա էին Մասիսի ուսանողական խորհուրդը, երիտասարդաց միության անդամները, մի շարք մանկապարտեզների երեխաներ և համայնքի հավատացյալներ:
Միջինքի գաթայի խաչը բաժին հասավ Տ. Արարատ քահանա Օրդոյանին. «Իհարկե, շատ հետաքրքիր էր, որ ինձ բաժին հասավ, բայց առավել հետաքրքիր էր այն, որ ես իմ գաթան կիսեցի մի պապիկի հետ, ում մոտ էլ իրականում հայտնվեց խաչը»:
Բյուրավան գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հյուրընկալել էր իր հովվության Բյուրավան, Ջրաշեն, Հովտաշեն, Լանջազատ, Բարձրաշեն, Դիտակ գյուղերի քրիստոնեական դաստիարակության (կիրակնօրյա) դասընթացների մասնակից քառասունից ավելի երեխաների: Եկեղեցում ընդհանրական աղոթքից և Տ. Ղազար քահանայի օրհնությունից հետո, տեղի ունեցավ հոգևոր զրույց, ապա՝ երեխաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին հենց հորը: Միջինքը հարմար առիթ էր ՔԴ ուսուցչուհի Նաիրա Սերոբյանի նախաձեռնությամբ գիտելիքների մրցույթ անցկացնելու համար: Ծրագրային գիտելիքներից բացի մրցության որոշիչ պայմաններից էին շարականների, աղոթքների իմացությունը, սրբերի վարքի, Հայաստանյան ուխտավայրերի ու վանքերի մասին գիտելիքները: Հարմար առիթ էր նաև նոր շարականներ սովորելու համար. «Երեխաներն այնքան էին ոգևորվել և ուրախացել նոր ընկերներ ձեռքբերելու այս հնարավորությունից, որ առաջարկեցին և խնդրեցին կազմակերպիչներին կրկին նման հավաքներ կազմակերպել և միասնական տոնախմբությամբ նշել եկեղեցական տոները»:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին