Ապրիլի 5-ին Կամերային երաժշտության տանը «Գանձեր» քառաձայն երգչախումբը հանդիսատեսին ներկայացրեց հոգևոր գոհարների գեղեցիկ և յուրահատուկ կատարումներ։ Միջոցառման սկզբում իր խոսքով հանդես եկավ Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քհն. Բարսեղյանը, ով ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Գանձեր երգչախմբի երգչուհի Մարի Խուրշուդյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ Պահքի այս շրջանում աղոթքի միջոց կարող է լինել հոգևոր երգերի կատարումները: Մի փոքր ներկայացնեմ, թե ինչպես է ձևավորվել «Գանձեր» երգչախումբը․ 2015 թվականին, Արարատյան Հայրապետական թեմի «Սուրբ Աննա» եկեղեցում` ՀՀԶՈՒ հոգևոր առաջնորդության ավագ գնդերեց Վոլոդյա սարկավագ Նաջարյանը կազմակերպեց հոգևոր երգի սիրողական դասընթացներ։ Դասընթացներով հետաքրքրվողների և մասնակիցների թիվն աստիճանաբար աճում էր, հասնելով 80 և ավել մասնակցի: Երիտասարդների շրջանում հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ Վոլոդյա սարկավագ Նաջարյանը հայտարարեց երգչախումբ կազմավորելու մասին և այդպես շատերս դիմեցինք, ովքեր իրենց ձայնային տվյալներով համապատասխանում էին որոշակի չափանիշների, նրանք երգչախմբի մաս կազմեցին։ Երգչախմբի փորձերը մինչ այսօր անցկացվում են Արարատյան Հայրապետական թեմի «Սուրբ Աննա» եկեղեցում։ Քանի որ, ի սկզբանե «Գանձեր» երգչախումբը ձևավորվել է հոգևոր երգերի սերտողության արդյունքում, անդավաճան մնալով սկզբունքներին՝ կատարումների գերակշիռ մասն են կազմում հոգևոր երգերը։ «Գանձեր» երգչախումբը երեք տարվա ընթացքում ունեցել է բազմաթիվ համերգներ և՛ Հայաստանի տարածքում, և՛ Հայաստանից դուրս. Նուբարաշենի զորամասում, Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցում, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական Համալսարանում, Նարեկացի Արվեստի Միությունում։ Վերջերս նաև Արևմտյան Հայաստանում՝ Աղթամարի Սուրբ Խաչ Եկեղեցում, որտեղ Պոլսի պատրիարքության երգչախմբի հետ համատեղ երգել ենք Սուրբ Խաչի տոնի Ս Պատարագին։ Մեզ համար շատ պատասխանատու էր Կամերային երաժշտության տանը կայանալիք մեր մենահամերգը՝ նվիրված «Կոմիտասի ծննդյան 150 ամյակին»։ Հուսով եմ հանդիսատեսը հավանեց և գնահատեց մեր աշխատանքը, քանի որ մենք այդ ամենի մեջ մեծ սիրտ և ոգի ենք դնում»։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին