Ծաղկազարդը Արաբկիրի նորակառույց եկեղեցում

Ծաղկազարդը Արաբկիրի նորակառույց եկեղեցում

Արաբկիրի նորակառույց եկեղեցին ապրիլի 14-ին՝ Ծաղկազարդի օրը, մարդաշատ էր: Մարդիկ նորաբողբոջ ճյուղեր էին բերել եկեղեցի՝ օրհնելու համար այն համոզումով, որ Քրիստոսի առաջ սփռված ճյուղերը ոչ միայն ուրախության արտահայտություն են, այլև հավատքի ճանապարհ, որով Քրիստոս պետք է մուտք գործի իրենց սրտեր:
 

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը իր խոսքում նշեց. «Մենք տիրոջը ընդունում ենք մեր սրտերում և հոգիներում. մոտեցել է Ավագ շաբաթը և մենք ապաշխարությամբ պիտի հասնենք տիրոջ Հարության խորհրդին: Թող Տերը զորացնի մեր ժողովրդին և պայծառացնի մեր եկեղեցին»: Նշենք, որ Արաբկիրի եկեղեցին մարդաշատ էր հավատացյալներով, իսկ Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ երեխաների օրհնության կարգ: Նաիրի Զարյանի 130-րդ դպրոցի աշակերտները յուրահատուկ նվեր էին պատրաստել եկեղեցու համար: Ամիսներ շարունակ նրանք արտագրել էին Նարեկացու «Մատյան Ողբերգությունը» և մագաղաթի տեսք տալով ստեղծել գիրք: 6-րդ դասարանի երեխաների այդ հրաշալի նախաձեռնությունը կյանքի էր կոչվել գրականության և հայոց լեզվի ուսուցչուհի Անուշ Աղաբեկյանի նախաձեռնությամբ. «Մենք գիտեինք, որ աշխատանքը շատ ծանր և դժվար է լինելու, բայց երեխաները պատրաստակամություն հայտնեցին և ոգևորված ասացին, որ ամեն դժվարություն կհաղթահարեն: Ես ցանկանում էի այս աշխատանքով նրանց հոգում սերմանել ազնվություն, սեր, հոգատարություն, որի կարիգը այսօր մեր մոլորակը շատ ունի»:
 

Հիշեցնենք, որ ամեն տարի՝ Ծաղկազարդի տոնին, հոգևորականները Քրիստոսի օրհնաբեր ներկայությունն են հայցում մանուկների կյանքում՝ մաղթելով նրանց շնորհով, հավատով և իմաստությամբ լի օրեր:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատական բաժին

  • 2019-04-15
×