Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվեց բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, հաղորդություն ստացան:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվեց Մանուկների օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ:
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում Ծաղկազարդի տոնի կապակցությամբ եկեղեցու բակում կատարվեց մանուկների օրhնություն: Տեղի ունեցավ կավճանկարչության մրցույթ և տոնական միջոցառում` եկեղեցուն կից գործող Հովհան Ոսկեբերանի անվան խմբակի սաների մասնակցությամբ:
Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում մեծ շուքով նշվեց Ծաղկազարդի տոնը, որին ներկա էին համայնքի դպրոցներից և մանկապարտեզներից սաներ, մանկավարժներ, հավատացյալներ և այլ հյուրեր։ Պատարագիչ Տեր Ղուկաս քահանա Բալայանն իր օրհնությունը բաշխեց բոլոր ներկա երեխաներին և հայցեց Տիրոջ օրհնությունը։ Երեխաների համար կազմակերպված էր կավճանկարչության մրցույթ, կավերի գունազարդում, օրհնված խաչերի նվիրում, իսկ վերջում կատարվեց ուռենիների ճյուղերի օրհնություն։
Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանը կատարեց երեխաների օրհնության կարգ: Շուրջ 50 մանուկների բաժանվեց քաղցրավենիք ու կոնֆետներ։
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում տոնական Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ երեխաների օրհնության կարգ, որից անմիջապես հետո եկեղեցու բակում երեխաների համար տեղի ունեցավ «Մանկանան շոու» ծրագիր:
Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում Ս. Պատարագից հետո կատարվեց մանուկների օրհնության կարգ, որին հաջորդեց Մրգավանի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտների կողմից բեմադրված փոքր ներկայացում՝ նվիրված Ծաղկազարդի խորհրդին։
Նորք-Մարաշ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին լի էր մարդկանցով։ Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց արմավենու ճյուղերի և մանուկների օրհնության կարգ։
Ինչպես Երևանի Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցում, այնպես էլ Արարատ մարզի Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ Ծաղկազարդին նվիրված համերգ և կավճանկարչության մրցույթ:
Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց անդաստան և ուռենու ճյուղերի օրհնության կարգ։ Հավարտ Ս. Պատարագի կատարվեց մանուկների օրհնության կարգ և եկեղեցու բակում տեղի ունեցավ կավճանկարչության մրցույթ։
Վեդու Ս. Աստվածածին եկեղեցում վաղ առավոտից տիրում էր տոնական տրամադրություն։ Ս. Պատարագից հետո կատարվեց մանուկների օրհնության կարգ։ Եկեղեցու երիտասարդները կազմակերպել էին Ծաղկազարդի տոնին նվիրված միջոցառում։