Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը

Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը

Սիրելի՛ հավատավոր զավակներ,

 

Հայոց եկեղեցիների գմբեթների ներքո քաղցրաբարբառ հնչյուններով թևածում է կենսաբեր ավետիսը. «Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց»: Եվ երկինք ու երկիր միաձայն գովերգում են ու ասում. «Փա՜ռք Քրիստոսի Ամենազոր Հարությանը»:

 

Սիրելինե՛ր, եկեք բյուրեղացնենք և զորացնենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի Հարությամբ շնորհված ճշմարտության վրա: Ապրենք վեհագույն արժեքներով՝ երկրային կյանքի մեջ ամրագրելով հավիտենությունը, քանզի Երկնքի արքայությունը միայն երկնքում չէ, այն մե՛ր մեջ է, մեր ներաշխարհում, Տիրոջ խոսքերով՝ «արքայութիւնն երկնից ի ներքս ի ձեզ է» (Ղուկաս ԺԷ 21):

 

Թող Բարեսեր Աստված Իր Հրաշափառ Հարությամբ նորոգի մեր հոգիները, ցանի սիրո կենարար հունդերը մեր սրտերի մեջ և պարգևի փրկարար, գթառատ ու հոգեշահ ներշնչանքներ՝ ի բարօրություն մեր ազգի և Հայրենիքի:

 

 

Զատկական բերկրությամբ և հարուցյալ Տիրոջ օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2019-04-20
×