Ապրիլի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է.
«Փրկչի Սուրբ Հարության Տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն են բերում Ձեզ, տիրախնամ թեմիդ թեմական և եկեղեցական վարչությանց հարգարժան անդամներին, ուխտապահ եկեղեցականաց դասին և հավատավոր բարեպաշտ մեր զավակներին:
«ԶԻ՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս, չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկաա ԻԴ, 5-6),- այս խոսքերով հրեշտակները հայտնեցին Քրիստոսի Հարության բերկրալի ավետիսը: Այսօր Մենք տոնախմբում ենք Քրիստոսի Հարությունը և ցնծությամբ ու հոգևոր ուրախությամբ փառաբանում հարուցյալ Տիրոջը, ով իր մահով խորտակեց մահը և մեզ հավիտենական կյանքի շնորհ պարգևեց: Փրկչի Հարությունը դարձավ այն վեմը, որի վրա խարսխված է քրիստոնեական մեր հավատքը. «Եթե Քրիստոս չիցէ յորուցեալ, ընդունայն է քարոզութիւն մեր, ընդունայն են եւ հաւատք ձեր» (Ա Կոր. ԺԵ 14):
Հարության Հավատքի զորությանն ապավինած մեր ժողովուրդը դարերի հոլովույթում հաղթահարեց բազում փորձություններ, ապրեց, արարեց ու հաղթանակեց Հարության խորհրդով, կերտեց իր մշակույթը, գիրն ու գրականությունը, նվաճումներ արձանագրեց արվեստի ու գիտության ասպարեզում: Այսօր մեզ է վերապահված կրելու մեր սուրբ հայրերից ժառանգված ավանդները, որպեսզի այն ամուր պահպանենք և դարձնենք առանցքը ազգային-եկեղեցական մեր կյանքի:
Ընտանիքին ընծայված փրկչական 2019թ. Հայրական Մեր հորդորն ու պատգամն է ուխտապահ եկեղեցականաց դասին, որպեսզի առավել նվիրումով ջանքեր բերեն Կենաց Բանի քարոզությամբ ամրապնդելով սերն ու հավատը հայոց ընտանքիներում, աջակից լինեն դժվարությունների մեջ, հաստատուն պահեն հայորդյաց սրտերում ազգային ու հոգևոր արժեքների հանդեպ նախանձախնդրությունը: Արդարև, ամուր հայ ընտանիքով է պայմանավորված Հայաստան, Արցախ մեր հայրենիքի զորությունն ու առաջընթացը, աշխարհասփյուռ մեր համայնքների կենսունակությունը և առաքելաշավիղ մեր Եկեղեցու պայծառությունը:
Զատկական այս լուսապայծառ առավոտը Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Հարուցյալ Փրկիչը հոգենորոգ իր շնորհներով զորացնի Ձեզ, թեմի ուխտապահ եկեղեցականաց դասին, թեմական ու համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր մեր զավակներին՝ պարգևելով ամենքիդ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք՝ ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու: Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Ս. Պատարագի վերջում Նավասարդ Սրբազանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» և Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:
Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Նավասարդ սրբազանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին