«Հարության ավետիսը» միմյանց փոխանցող կանթեղներով երթ

«Հարության ավետիսը» միմյանց փոխանցող կանթեղներով երթ

Ապրիլի 20-ին` Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդներն իրականացրեցին «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ: 

Երթը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց: Շարականների ու հոգևոր երգերի ուղեկցությամբ մասնակիցները թեմի երիտասարդական կառույցների հոգևոր համակարող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ Մ. Մաշտոց պողոտայով և Ամիրյան փողոցով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

 

Այս տարի «Հարության Ավետիս» քայլերթին մասնակցեցին թեմի ու տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներ, Խանփերյանցի անվան Ավիացիոն ինստիտուտի սաներ, թեմի երիտասարդաց միություններ, սկաուտներ։

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2019-04-20
×