Ս. Խաչ եկեղեցում իրականացվեց զինհաշմանդամների դրամաբաշխությունը

Ս. Խաչ եկեղեցում իրականացվեց զինհաշմանդամների դրամաբաշխությունը

Սեպտեմբերի 17-ին ԱՀԹ Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցում «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դրամաբաշխություն, որի ընթացքում դրամական աջակցություն տրվեց Շենգավիթ համայնքի I խմբի 10 և  III խմբի 5 զինհաշմանդամի:
 

Արարողությունը սկսվեց ընդհանրական աղոթքով, եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը Բժշկության կարգ կատարեց: Ապա նա փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի բարեմաղթանքներն ու երախտիքի խոսքերը: ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները: Դրամաբաշխությունից հետո կատարվեցին այցելություններ այն զինհաշմանդամներին, ովքեր առողջության հետ կապված խնդիրների պատճառով եկեղեցի գալ չէին կարողացել:
 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Բարեգործական ծրագրի շրջանակում հավաքված 50 մլն դրամը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին:  Այս տարի ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով առաջկցություն կստանա 362 ընտանիք:
 

Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում ու Արարատի մարզում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-08
×