«Վանը կորցրել ենք, բայց Վանի մշակույթը չենք տալու»

«Վանը կորցրել ենք, բայց Վանի մշակույթը չենք տալու»

Ապրիլի 28-ին Ազգային պատկերասրահում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Փրկեալ ձեռագործք հայոց» պատկերագրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին հոգևորականներ, մտավորականներ, գիտնականներ, մշակութային ու հասարակական գործիչներ, արվեստասեր ու հայագիտությամբ հետաքրքրվող անձիք:
 

Պատկերագրքում, որ հրապարակվել է Նավասարդ Սրբազանի օրհնությամբ, ներկայացված է իրավաբան և հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ ասեղնագործ մասունքների հավաքածուն:
 

Շուրջ  մեկ տարվա ընթացքում Նարեկ Վան Աշուղաթոյանը ձեռք է բերել հայկական ասեղնագործ կտորների շուրջ 70 նմուշ, որոնցից 20-ը՝ գիրքը տպարան ուղարկելուց հետո: Հավաքածուն իր մեջ ներառում է հիմնականում Վանի ասեղնագործական մշակույթի պատառիկներ՝ սրբիչներ, ծածկոցներ, գոտիներ, բազպաններ ու եկեղեցական հագուստի կտորներ, որոնք աչքի են ընկնում իրենց յուրօրինակ վարպետությամբ ու նրբաճաշակությամբ:
 

Պատկերագրքի տպագրության առթիվ Նավասարդ Սրբազանը Նարեկ Աշուղաթոյանին արժանացրեց  Օրհնության գրի, ուր մասնավորաբար ասվում է.

«Մի հարցնէք, ի՜նչ է, ու՜ր է, ու՞րկե կու գայ հայի հոգին:

…Այդ ոգին է որ կը գաղթէ, կ՛ելլէ ճամբայ

Մեր երկնքէն ու մեր հողէն ու կը գտնէ

Ուր Հա՛յ մը կայ, ու անոր հետ զրոյց կ՛ընէ:

Ան կը ժպտի, ան կը տխրի, ու անոր հետ արցո՛ւնք կու լայ:

Ու կը հսկէ որ ոչ մէկ հայ չըլլայ շէղի էն լոյս ճամբէն:

Մեր հոգիի էն լո՛յս ճամբէն, որ մեր հողին

Ու երկնքին մեզ կը տանի

Հայու Ոգին»:                                                        

ՀԱՄԱՍՏԵՂ


 

Հայի ոգին կենդանարար է և ապրեցնող, հայի ոգին անկոտրուն է և հաստատակամ, հայի ոգին զորեղ է և հաղթող: Այդ ոգին է, որ հավատքի լուսեղեն ճամփաներով ուղղորդում է մեզ՝ կամրջելով երկինքն ու երկիրը մեր հոգիների մեջ: Ժամանակի հրամայականով կերտում է հայի պատմությունն ու ճակատագիրը, ի պահ տալիս գալիք սերունդներին՝ որպես անգին ժառանգություն, հորդորում աստվածային պատգամով. «Պահի՛ր…, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը»:
 

Սիրելի՛ք, մեր հանդիպումը «Փրկեալ ձեռագործք հայոց» վերտառությունն  ունի: Հանդիպեցնողն ունի մեկ անուն՝ կարոտ… Ձեռքս եմ առնում այդ «կարոտամատյանն» ու սկսում թերթել էջ առ էջ: Հոգիս ու էությունս մեկտեղվում են, և պատկերները կենդանանում, ծավալվում են հայացքիս ներքո ու սկսում շշնջալ իրենց պատմությունը: Նրանցից շատերն անցել են գաղթի ճանապարհը, շատերը թալանվել ու «ապրել են» օտարության մեջ, և այսօր, մի անբացատրելի նախախնամությամբ, իբրև հայոց մշակույթի ժառանգություն՝ եկել հայրենիք: Միաբանվել են նրանք՝ մեր անցյալի գունագեղ, ասեղնագործ, լուռ, բայց և խոսուն վկաները… Մեր փրկված ձեռագործները:
 

Նվիրյալ հայորդու՝ Նարեկ Վան Աշուղաթոյանի նպատակը բարի է՝ հայտնաբերել աշխարհով մեկ սփռված հին ձեռագործները, բացահայտել մեր մշակութային ժառանգության՝ հայկական ասեղնագործության բացառիկ գանձերը,  և վերապրեցնել նրանց  հայոց հողի վրա:
 

Մեր օրհնությունն ենք բերում այս  յուրօրինակ պատկերագրքի հեղինակին, և հայցում Բարեխնամ Աստծո զորակցությունն ու աջակցությունը՝ հոգեշահ և ազգանվեր գործունեության համար: Սիրելի՛ Նարեկ, թող հոգիդ   միշտ ականջալուր լինի հայրենի եզերքը կորցրած մեր մասունքների փրկության կանչին, որպեսզի հավաքորդիդ առաքելության շնորհիվ մեկտեղվի մեր նախնյաց թողած սրբասուրբ ժառանգությունը: Ամեն»:
 

Հավաքածու ստեղծելու գաղափարն աստիճանաբար է առաջացել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի օր Նարեկ Վան Աշուղաթոյանի ձեռքն է ընկել իր պապի՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և նկարիչ, երջանկահիշատակ Հովհաննես Շարամբեյանի կողմից խնամքով պահված ասեղնագործ մի քանի պատառիկներ: Ապա սկսել է ուսումնասիրել և պարզել է, որ գաղթի ճանապարհը բռնած շատ հայեր փրկել են իրենց կենցաղի այս գեղեցիկ մասնիկները: Նրա խոսքով, դրանք հաճախ չեն էլ կիրառել իրենց առօրյայում, սակայն, գուցե, ինչ-որ ներքին մղումով փայփայել ու պահել են որպես իրենց մշակույթի առհավատչյաներ:
 

«Այդ պատառիկները չունեին ամբողջական տեսք, հստակ երևում էր, որ կտրված են։ Սկսեցի մտածել՝ գաղթականները, որոնք տնից քշվում էին ու չգիտեին՝ ողջ կմնան, թե չէ, ինչ ճակատագիր կունենան, ինչո՞ւ են իրենց հետ վերցրել ասեղնագործությունները։ Հավանաբար անգիտակցաբար, ինտուիտիվ, բայց համատարած, ամեն մեկին բաժին է հասել ինչ-որ մշակույթ, և այդ մշակույթը փրկելու, դուրս հանելու առաքելություն, պարտավորություն է եղել։ Ո՛չ տաքանալու էին դրանով, ո՛չ սրբվելու, ո՛չ վաճառելու էին, բայց դա անում էին հավանաբար, որ պահպանվի հիշողությունը, շարունակություն լինի արվեստի տեսակի և ավելի գլոբալ առումով՝ ինքնության։ Հասկացա, որ եթե մարդիկ էդպիսի քաջություն են ունեցել, այլ կարևոր բաներ թողած՝ այդ պատառիկներն են բերել, և հիմա դրանք մեր ձեռքում են, ուրեմն որոշակի ուղերձ և առաքելություն կա մեզ փոխանցված։
 

Առաջին քայլը միջազգային շուկաներն ու աճուրդներն էին։ Փորձեցի որոնել «հայկական» անվան ներքո։ Ցավոք, ոչինչ չգտա ու հասկացա, որ ոչ միայն գույքն է յուրացվել, այլև դրանց հեղինակային իրավունքները։ Այդ ասեղնագործությունները հեղինակող ազգն ընդհանրապես ջնջված է։ Այն, ինչ հրատարակված է այս գրքում, մեծամասամբ աշխարհին ներկայացված է որպես օսմանյան ասեղնագործություն, ավելի ծայրահեղ աղբյուրներում՝ որպես թուրքական»,- ասաց Նարեկ Վան Աշուղաթոյանը։
 

Ներկաներին պատմելով հավաքածուի մասին՝ նա նկատեց, որ տարբեր աղբյուրներից՝ հատավաճառներից, թե աճուրդներից ասեղնագործները գնելու խնդիրը հաճախ ոչ ֆինանսական է: Նա ասաց, որ շատ ձեռագործներ կան, որոնք վաճառում են մեր հարևանները և, իմանալով, որ գնորդը հայ է, հրաժարվում են գործարքից: «Մի անգամ պատասխան նամակում ինձ գրեցին, որ եթե անգամ կրկնակի թանկ գին վճարեմ, միևնույն է չեն վաճառի ինձ»:
 

Ն. Վան Աշուղաթոյանը ասում է, որ պապը հաճախ էր ասում, «Վանը կորցրել ենք, բայց Վանի մշակույթը չենք տալու» և  իր այդ համոզումը մինչև կյանքի վերջ հետևողականորեն պահեց»: Հովհաննես Շարամբեյանը Վանից գաղթած և Խորհրդային Միությունում բռնադատված ընտանիքից էր: Նա իր ողջ կյանքի ընթացքում հավաքում էր կորուսյալ հայրենիքի ժողովրդական արվեստի նմուշները, որպեսզի նորովի վերադարձնի վերածնունդ ապրող հայ ժողովրդին: Դրանց մեծագույն մասն այսօր պահվում են Հայաստանի թանգարաններում:
 

Եթե աշխարհի հավաքորդներն իրենց հավաքածուները խնամքով պահում են շատերի աչքից հեռու, ապա Նարեկ Աշուղաթոյանը այլ նպատակ ունի, որն ավելի շատ նման է առաքելության. փրկել ու աշխարհին ցուցադրել հայկական մշակույթը, պարզաբանել ու բացահայտել բոլոր այն ստերը, որոնցով աշխարհի շատ թանգարաններում հայկական ձեռագործները ներկայացվում են իբրև օսմանական կամ անգամ՝ թուրքական մշակույթի նմուշներ: Դառնալով պապի գործի շարունակողը՝ նա ստանձնել է հայոց մշակույթի պահապան զինվորներից մեկը լինելու պատասխանատվությունը:
 

Շնորհանդեսի ժամանակ Նարեկ Աշուղաթոյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին, ով իր օրհնությամբ ու խրախուսանքներով ոգևորել է, որպեսզի գործն առաջ տանի:
 

Մեծ է հատկապես գրքի տպագրության մեկենաս, «Ժողովրդական արվեստի հանգույց» հինադրամի հիմնադիր, հոգեբարձուների խորհրդի նախագահ Լևոն Դեր-Բեդրոսեանի աջակցությունը ոչ միայն ֆինանսական, այլ հատկապես՝ գործը կարևորելու և վստահելու համար: Իր ելույթում պարոն Դեր-Բեդրոսեանը նշեց, որ այսօր աշխարհում մեր մշակութային արժեքների, դրանց հեղինակային իրավունքների պահպանման գործում բացի խոսելուց, ավելի շատ պետք է գործել:
 

Պատկերագրքի մեջ տեղ են գտել նաև ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի և ազգագրագետ Կարինե Բազեյանի հոդվածները հայկական ասեղնագործական արվեստի մասին:
 

Իր ելույթում պարոն Թոքմաջյանը բարձր գնահատեց Ն. Վան Աշուղաթոյանի կատարած աշխատանքը՝ այն որակելով որպես առաքելություն: Վերջինս էլ, խոսելով Հրզադան Թոքմաջյանի՝ երկար տարիներ կատարած մեծածավալ աշխատանքի մասին պատմեց, որ թուրք վաճառողներից մեկը Նարեկին առաջարկել է գնել Մարաշի ասեղնագործության մի նմուշ: Եվ երբ նա հետաքրքրվել է, թե որտեղից է վստահ, որ հենց Մարաշի է, թուրքը պատասխանել է, որ Ամազոնում վաճառվող մի գիրք է ձեռք բերել, որտեղ մանրամասն ներկայացվում է ասեղնագործության հենց այս տեսակը: Իսկ գրքի հեղինակը Հրազդան Թոքմաջյանն է:
 

Ըստ Ն. Վան Աշուղաթոյանի՝ նաև այս կերպ է պետք ներկայացնել մեր մշակույթը, փորձելով լինել բոլոր հարթակներում:  Եվ հենց այդ պատճառով երկլեզու պատկերագրքի մի մասը վաճառքի հանելու փոխարեն հեղինակն ու հովանավորը որոշել են ուղարկել աշխարհի թանգարաններ, որտեղ պահվում են օսմանյան համարվող հայկական մշակույթի գանձեր: Նվիրելու են նաև միջազգային ու դիվանագիտական կառույցներին, գրադարաններին ու համալսարաններին: Նրանք գիտեն, որ միայն այս գրքով հնարավոր չի լինի ուզած արդյունքին հասնել, սակայն այն հրաշալի սկիզբ կլինի մեր ժառանգությունը աշխարհին ճանաչելի դարձնելու և ճիշտ ներկայացնելու հարցում:
 

Պատկերագրքի հեղինակի խոսքով հավաքածուն շուտով հանրությանը կներկայացնեն նաև ցուցահանդեսի տեսքով՝ մինչ այդ վստահ լինելով, որ այն կհամալրվի նոր նմուշներով:
 

Շնորհանդեսի գեղարվեստական մասը վստահված էր «Կայթ» կրթամշակութային կենտրոնի համանուն համույթին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-04-29
×