Խոր ցավով հայտնում ենք, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո ի Տեր հանգեց Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանը:
Տեր հոր հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա մայիսի 1-ին՝ ժամը 18-ին, Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում: Մայիսի 2-ին՝ ժամը 10.30-ին, նույն եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ և կկատարվի Վերջին օծման կարգը:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
***
Տեր Բարսեղ (ավազանի անունը՝ Հովհաննես) ավագ քահանա Ղազարյանը ծնվել է 1955թ. մայիսի 25-ին, Արմավիրի մարզի 5-րդ սովխոզում:
1970թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը և ընդունվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:
1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1976-1979թթ. կրթությունը շարունակել և ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը: Այնուհետև աշխատել է ճեմարանի վերակացու:
1980թ. մարտի 24-ին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել ծիսակատար քահանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մկրտարանում: Այդ ընթացքում 2 ամսով գործուղվել է ծառայության Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ (նախկին Օրջոնիկիձե) քաղաքի հայկական եկեղեցում:
1982թ. դեկտեմբերի 30-ին նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա, այնուհետև՝ որպես հոգևոր հովիվ:
2001թ. նշանակվել է ծիսակատար քահանա Երևանի Նորագավիթ համայնքի Ս. Գևորգ եկեղեցում:
2013թ.-ից ծառայել է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում: 2017թ.-ի փետրվարին նշանակվել է նույն եկեղեցու հոգևոր հովիվ:
1981թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ստացել է լանջախաչ, 1991թ. ապրիլի 22-ին՝ ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից արժանացել է ավագ քահանայության պատվի:
Ամուսնացած էր, 3 զավակների հայր էր: