Ապրիլի 27-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրված մտավոր սեփականության միջազգային օրվան, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության և Ազգային ժողովի անդամներ, մշակույթի և գիտության ոլորտի գործիչներ, արտասահմանյան հյուրեր: Կոնֆերանսի սկզբում բացման խոսքով ելույթ ունեցավ երկրի վարչապետը, որն ընդգծեց մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում: Այնուհետև տեր Թովմա քահանա Անդրեասյանը Տերունական աղոթքով կատարեց օրակարգի բացումը: Ելույթ ունեցան ՄԱԿ-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Կնյազյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, «Հայ հեղինակ» կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Քրիստինե Համբարյանը և ուրիշներ: Հարցերով և քննարկումներով հանդես եկան ռեժիսյոր Ռուբեն Բաբայանը, Տեր Թովման, երգահան Էդվարդ Զորիկյանը, ռեժիսյոր և դերասան Վիգեն Ստեփանյանը և այլն: Սարգիս Կնյազյանը և Սուրեն Գրիգորյանը հավաստիացրին, որ նոր Հայաստանը լրջորեն զբաղվելու է հեղինակների խնդիրներով և իրավունքներով, և մտավոր սեփականության ոլորտում պետք է հաղթի արդարադատությունը, անօրինականությունը խստորեն պետք է պատժվի:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին