Մայիսի 3-ին Վեդու Վանաշեն համայնքի միջնակարգ դպրոցում տնօրեն Հասմիկ Նահապետյանի նախաձեռնությամբ բացվեց դասասենյակ՝ նվիրված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը կատարեց օրհնության կարգ: Տեր հայրը կարևորեց նմանատիպ միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս դեռ վաղ հասակից երեխաների մեջ սերմանել հայրենասիրություն և ծանոթացնել հայոց պատմության փառավոր էջերին:Դասասենյակի բացման արարողությանը հաջորդեց փոքրիկ միջոցառում դպրոցի սաների մասնակցությամբ:
Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը մայիսի 2-ին կատարեց օրհնության կարգ նաև Վեդու համայնքի առաջին դպրոցում, որտեղ Նախնական զինվորական պատրաստության ուսուցչի նախաձեռնությամբ բացվեց դասասենյակ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Անդրանիկ Զորաբյանի անվամբ. «Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների արյան գնով այսօր մենք ունենք խաղաղություն: Թող այս դասասենյակում սովորող բոլոր աշակերտները լցվեն հայրենասիրական ոգով: Մեծ կամքի կարողություն և ուժ ենք մաղթում բոլորիս»:
Միջոցառմանը ներկա էին հերոսի ծնողները, քաղաքապետը և դպրոցի սաները: Աշակերտների թվում էր նաև Անդրանիկ Զորաբյանի կրտսեր քույրը, ով սովորում էր այն դասասենյակում, որը անվանակոչվեց եղբոր անունով:
Լիլիանա Օսիպյան