Սրտով՝ անկոտրում, ոգով՝ անմահ

Սրտով՝ անկոտրում, ոգով՝ անմահ

Մայիսի 9-ին Արարատյան Հայրապետական թեմի մի շարք եկեղեցիներում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Արցախյան և Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհվածների հիշատակին:
 

 Մայիսի 9-ին Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու բակում գտնվող ազգային հերոս, ազատամարտիկ Արմենակ Արմենակյանի հուշարձան-խաչքարի մոտ տեղի ունեցավ հոգեհանգիստ: Հոգեհանգստյան կարգը կատարեցին քահանաներ Տեր Թովմա Անդրեասյանը և Տեր Զգոն Աբրահամյանը: Ներկա էին Նորք-Մարաշ համայնքի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը, համայնքի երկրապահ կամավորականների ղեկավար՝ Աղվան Մխիթարյանը, Արմենակ Արմենակյանի ընտանիքի անդամները և ազատամարտիկներ:
 

Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ նույն օրը Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քհն. Պալգևորգյանի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված համաշխարհային երկրորդ պատերազմին և Արցախյան պատերազմին զոհված նահատակների հիշատակին, ծաղիկներ տեղադրեցին նրանց հիշատակին կառուցված հուշարձանների դիմաց: Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Մրգավան համայնքի ներկայացուցիչները, դպրոցի ուսուցիչները, աշակերտները:
 

Վեդի քաղաքում մայիսի 9-ը ևս մեծ շուքով նշվեց: Տոնախմբությանը Տեր Հովակիմի գլխավորությամբ մասնակցեցին նաև Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները։ Քաղաքի հուշահամալիրում համայնքի բնակիչները ծաղկեդրումով իրենց խոնարհումը բերեցին բոլոր զոհված զինվորներին։ Օրվա ավարտին քաղաքի անֆիթատրոնում տեղի ունեցավ հաղթանակին նվիրված տոնական համերգ։
 

Մայիսի 9-ին Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելելուց հետո, Ավան վարչական շրջանի ղեկավար Ա. Դանիելյանը և ողջ աշխատակազմը, Տեր Հարություն քհն. Ավագյանի առաջնորդությամբ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիր, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին:
Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրի այգում տեղի ունեցավ եռատոնին նվիրված տոնական միջոցառում: Իրենց ոգեշունչ, անզուգական ելույթներով բոլորին հիացրեցին Ավանի մշակույթի տան, Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի՝ «Հայաստան» պարային համույթի տաղանդավոր սաները:


 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-05-10
×