Երևանի թիվ 61 հիմնական դպրոցում սովորականից մարդաշատ էր, առիթը՝ այբբենարանի հանդեսը: Բեմում իրենց գեղեցիկ ելույթներով առաջին դասարանցիներն էին, ովքեր հրաժեշտ տվեցին այբբենարանին, բայց վստահ էին, որ այն միշտ ժպտալու է նրանց ցանկացած դասագրքից:
Միջոցառման մեկնարկը բավականին տպավորիչ էր: Դասվար Լիանա Հարությունյանի գլխավորությամբ երեխաները բեմադրել էին իրենց հյուրընկալվելու շարժառիթը: Ըստ սցենարի՝ 4 լրագրողներ ժամանել էին Հայաստան, բայց ծանոթ չէին հայոց այբուբենին, և նրանց խորհուրդ է տրվում մասնակիցը դառնալ «Հրաժեշտ Այբեննարանին» խորագրով միջոցառմանը և սովորել մեսրոպյան տառերն ու իմանալ հայոց այբուբենի մի շարք առանձնահատկություններ:
Բարձր տրամադրությունը ներկաներին ընկեր դարձավ միջոցառման ամբողջ ընթացքում երեխաների ուրախ երգ ու պարի շնորհիվ:
Միջոցառման հիմքում շատ կարևոր ուղերձ էր թաքնված. չլքել Հայաստանը ոչ մի պարագայում: Մնալ սեփական երկրում և շենացնել այն: Դրանով էր պայմանավորված նաև միջոցառման այն հատվածը, երբ լրագրողներն արդեն պիտի վերադառնային իրենց ծննդավայր և պատմում էին հանդիսատեսին, թե ինչ են իրենց հետ տանում Հայաստանից: Մեկը հաց ու ջուր էր վերցրել իր հետ, մյուսը՝ Մասիս սարի պատկերը, իսկ լրագրողներից մեկը կարևորել էր հայկական խորհրդանիշ նուռը: Փոքրիկը, ով ըստ բեմադրության, պետք է հորդորեր լրագրողներին չլքել Հայաստանը, մոտեցավ նրանց և շատ բնական խաղով ու բարկացած ձայնով ասաց.«Հայաստանից բան տանելու փոխարեն, Հայաստան բերեք այն ամենն, ինչ կօգնի մեր երկրին ավելի լավը լինելու համար: Մի՛ գնացեք, մնացե՛ք»:
Ծափողջույնները չէին դադարում: Տպավորություն էր, որ փոքրիկը բարձրաձայնեց դահլիճում նստած յուրաքանչյուր մարդու մեծագույն ցանկության մասին:
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին «Այբբենարան» դասագրքի հեղինակ, ԵՊՄՀ-ի դասախոս Լիլիթ Տեր-Գրիգորյանը և Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը, ովքեր միջոցառման ավարտին իրենց խոսքն ուղղեցին փոքրիկներին. «Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ ձեզ: Այսօր տոն եք դարձրել օրը բոլորիս համար: Դուք անշուշտ հայ եք ծնվել, բայց հայ դառնալու համար դեռ երկար ճանապարհ պիտի անցնեք: Այդ ճանապարհի առաջին քայլն արել եք. գրաճանաչ եք դարձել: Կարևոր է կյանքում հայերեն մտածել սովորել, աշխարհին հայերեն նայել ու մարդկանց հայերեն սիրել: Այդ ամենի համար հարկավոր է լսել ծնողներին, ուսուցիչներին և Հիսուսին. նրանք երբեք ձեզ չեն խաբի»,- ասաց Լիլիթ Տեր-Գրիգորյանը, իսկ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը հավելեց. «Հրաշալի միջոցառում էր: Վստահ եմ՝ եթե այս փոքրիկների մտքերի մեջ ճիշտ հիմքեր դրվեն, ապա կունենանք վառ ապագա, ինչի մասին այսօր փաստեց այս միջոցառումը: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, իսկ դպրոցի կոլեկտիվին մեծ համբերություն երեխաների հետ աշխատելու պատասխանատու, բայց հաճելի գործում»:
Միջոցառման ավարտին իր խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանը, ով անակնկալ էր պատրաստել առաջին դասարանցիներին և նրանց բաժանեց երեխաների անահատական լուսանկարներով կրծքանշաններ. «Ամբողջ ընթացքը հիացած նայում էի: Շատ գեղեցիկ ու համահունչ էր ամեն ինչ: Հպարտ եմ, որ նման ելույթ ունեցաք: Շնորհավորում եմ ձեզ ու բոլոր այն ուսուցիչներին, ովքեր աշխատել են ձեզ հետ՝ դասվար Լիանա Հարությունյանի գխավորությամբ»:
Միջոցառման մասնակից, Այբբենարանի կերպարով հանդես եկած փոքրիկ Սառան մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Այբբենարանն ինքն առանձնահատուկ է սիրում. «Իհարկե, բոլորն էլ կարող էին կերպարը մարմնավորել, բայց ինձ տվեցին, որովհետև ես այն շատ եմ սիրում: Դժվարությամբ, բայց հաճույքով եմ սովորել իմ խոսքերը: Շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներին մեզ հետ աշխատելու և լավ միջոցառում կազմակերպելու համար»:
Լիլիանա Օսիպյան