Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, տարվա մեջ չորս ուխտի օրեր ունի, որոնցից առաջինը մայիսի 14-ին է՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, մի հայրապետ, ով 17-րդ դարում եղել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում գործող վանքի վանահայրը, և իր մեծագույն ավանդն է բերել Հայ եկեղեցու բարգավաճման սուրբ գործում:
Վեց տարի անընդմեջ, մայիսի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում «Զորավոր» Ավետարանը, որի հրաշագործ զորությանը Հայոց ազգն արդեն յոթ դար է, որ հաղորդակից է լինում: Այս տարի ևս, մինչ Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը և մեծ թվով ուխտավորներ Փարպեցի փողոցի խաչմերուկից հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով նախ կանգ առավ Ս. Մովսես Գ Տաթևացու անվան գավազան-հուշարձանի առջև, ուր Անդաստանի արարողությամբ օրհնվեցին աշխարհի չորս ծագերը, ապա Ավետարանը դրվեց եկեղեցու Ս. Մովսես Գ Տաթևացու անունը կրող Սուրբ Սեղանին, այնուհետև՝ ատյանում, ուր և շարունակվեց արարողակարգը: Նախկինում «Վիշապկենց» կոչվող Ավետարանը յոթ դարերի ընթացքում հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Ս. Թադեի վանքում, ապա՝ Ս. Էջմիածնում, իսկ 1939 թ-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում:
Ուխտի Ս. Պատարագը մատուցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Մինչ քարոզը Տեր Հայրը հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ում հայրական օրհնությամբ հավատավոր հայորդիները տարվա մեջ մեկ անգամ իրենց խոնարհումն ու երկրպագությունն են բերում «Զորավոր» Ավետարանին, ապա քարոզին անդրադառնալով «Զորավոր» Ավետարանի զորությանը՝ մասնավորաբար ասաց. «Զորավոր Ավետարանը նշանավոր է ոչ թե իր գեղագիտական արժեքով, այլ նախ և առաջ իր հրաշագործ զորությամբ: Այն շնորհաշատ մի պարգև է մեզ՝ մահկանացուներիս, որպեսզի Աստծո օրհնությանը հաղորդակից լինենք»:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները մինչև Երեկոյան ժամերգությունը հաղորդակից եղան «Զորավոր» Ավետարանի անսպառ զորությանը՝ հայցելով օրվա հիշատակելի Ս. Մովսես Գ Տաթևացու բարեխոսությունը:
Կարինե Սուգիկյան