«Խաչի քարոզ» Մաշտոցի պողոտայում

«Խաչի քարոզ» Մաշտոցի պողոտայում

Մայիսի 18-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները իրականացրեցին «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երևման տոնին:

 

Արդեն 6-րդ տարին է, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ թեմի երիտասարդները Սուրբ Խաչին նվիրված տոներից առաջ իրականացնում են «Խաչի քարոզ» ծրագիրը:  Երիտասարդները բանուկ կանգառներում հասարակական տրանսպորտի վարորդներին օրհնված խաչեր և խաչի աղոթքներ են նվիրում՝ առաջարկելով դրանք փոխարինել իրենց մոտ եղած աչքուլունքներով և այլ սնոտիապաշտական իրերով: 

 

Այս տարի ծրագրի մեկնարկը եղավ Ս.Սարգիս եկեղեցուց: Ակցիայից առաջ երիտասարդները մասնակցեցին ընդհանրական աղոթքի, որից հետո Տեր Պետրոս ավագ քհն Մայլանը ասաց․ «Խաչի երևման տոնը շարժական է։ Հետաքրքիր զուգադիպությամբ ուղիղ 6 տարի առաջ այս օրը, մենք դարձյալ նշեցինք Խաչի երևման տոնը և կատարեցինք առաջի «Խաչի քարոզը»»։ Այս տարիների ընթացքում մենք շատ մարտահրավերներ ենք հաղթահարել և նույն ոգով շարունակելու ենք մեր ընթացքը՝ ի նպաստ մեր եկեղեցու և մեր հավատավոր ժողվրդի»։  Աղոթքից անմիջապես հետո երիտասարդները վերցրեցին օրհնված խաչերը և շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի և Մ. Մանուշյանի անվան պուրակի հարակից կանգառները՝ խաչեր ու աղոթաթերթեր բաժանելով երթուղային տաքսիների վարորդների:

 

 Վարորդները մեծ ոգևորությամբ էին վերցնում խաչերը և շտապում էին դրանք ամրացնել իրենց մեքենայի դիմապակուն, որպեսզի Սուրբ Խաչի օրհնությունը մշտապես իրենց հետ լինի:

 

Ողջ օրվա ընթացքում երիտասարդները բաժանեցին շուրջ 200 խաչ: Ուրախությամբ պետք է նշել, որ աչքուլունքների քանակն ամեն հաջորդ ակցիայի ժամանակ պակասում է, ինչը նշանկում է, որ մեր վարորդները այլևս ապավինում են խաչի զորությանը: 

 

«Խաչի քարոզ» ծրագրով Հայ Առաքելական Եկեղեցին ևս մեկ անգամ հորդորում է ապավինել խաչին, քանի որ քրիստոնյաների պաշտպանության նշանը խաչն է: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-05-19
×