Տեղի կունենա Ս. Գրիգոր Նարեկացու մեծածավալ մատենագիտության և նրա մասին վերլուծությունների մասին գրքերի շնորհանդեսը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տեղի կունենա Ս. Գրիգոր Նարեկացու մեծածավալ մատենագիտության և նրա մասին վերլուծությունների մասին գրքերի շնորհանդեսը

Տեղի կունենա Ս. Գրիգոր Նարեկացու մեծածավալ մատենագիտության և նրա մասին վերլուծությունների մասին գրքերի շնորհանդեսը

Մայիսի 23-ին՝  ժամը 15:00-ին,  Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում (Մետրոյի «Հանրապետություն» կայարանի հարևանությամբ) տեղի կունենա մատենագետ Աստղիկ Ղափլանյանի «Գրիգոր Նարեկացի: Մատենագիտություն» և «Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գրքերի շնորհանդեսը:
 

Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր գրադարանի ղեկավար Աստղիկ Ղափլանյանի «Գրիգոր Նարեկացի: Մատենագիտություն» գիրքը Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Կարո Շահբազյանի մեկենասությամբ տպագրվել է 2015թ.-ին և նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Այն չափազանց ծավալուն աշխատանք է, մեծ մատենագիտություն, որի մեջ հավաքվել են Ս. Գրիգոր Նարեկացու և «Մատյան ողբերգության» մասին ամբողջ աշխարհում լույս տեսած հայերեն ու օտարալեզու հրատարակությունները, հոդվածները, վերլուծությունները: 
 

«Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» լույս է տեսել 2018թ. դեկտեբերին: Այն հրապարակելու գաղափարը ծնվել է Մատենագիտությունը կազմելիս: Հեղինակն ասում է, որ աշխատանքի ընթացքում բազմաթիվ հիշարժան հոդվածներ ու վերլուծություններ է հավաքել, որոնք հայ ընթերցողի համար օգտակար կլինեն՝ Ս. Նարեկացու մեծությունն ու Նարեկի արժեքը վերագնահատելու համար: Օրինակ՝ Հայոց մեծ եղեռնի նահատակ Բարսեղ Շահբազի «Իտալիո Նարեկը կամ Իտալացիին Նարեկը», որը տպագրվել է Կ. Պոլսի Բյուրակ հանդեսում 1903թ.-ին:
 

«Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գիրքը բաղկացած է երկու մասից. առաջինը Պարույր Սևակի խոսքերով է վերնագրված՝ «Մեծերի մեջ մեծագույնը»: Երկրորդ մասը կոչվում «Գրական ուսումնասիրություններ» և իր մեջ ամփոփում է վերլուծություններ «Նարեկի» ու Ս. Նարեկացու մասին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-05-22
×