Մայիսի 23-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մատենագետ Աստղիկ Ղափլանյանի «Գրիգոր Նարեկացի Մատենագիտություն» և «Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գրքերի շնորհանդեսը: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, որից հետո Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը ներկաներին փոխանցեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը և հանդես եկավ շնորհավորական խոսքով.«Ես շնորհավորում եմ գրքերի հեղինակ տիկին Աստղիկ Ղափլանյանին և ցանկանում շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են նրան այս գործում: Բարի երթ և բազում հաջողություններ եմ մաղթում»:
Միջոցառմանն իրենց շնորհակալան խոսքով հանդես եկան մի շարք բանախոսներ: «Գրիգոր Նարեկացի Մատենագիտություն» գրքի խմբագիր Հակոբ Քյոսեյանն անկեղծացավ, որ նման առիթները քիչ են լինում, երբ ներկայություն ապահովելը շատ հաճելի է. «Սա զուտ շնորհանդես չէ, այլ մեծարման, խոնարհումի ցերեկույթ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Իմ հարգանքն ու խոնարհումն եմ բերում տիկին Աստղիկ Ղափլանյանին այս ազգանվեր աշխատանքի համար: Աշխատանք, որը մեծ գնահատանքի է արժանի»:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Աէլիտա Դուլուխյանն էլ իր խոսքում նշեց, որ ամենամեծ մրցանակը տիկին Աստղիկն արդեն ունի. «Գիրքն ընթերցելիս առաջին էջում կարդացի, որ այն հրատարակվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Սա, թերևս, մեծագույն նվերն է հեղինակին, քանի որ ստանալ նման մարդկանց օրհնություններն արդեն բավական է, որ Դուք Ձեզ և Ձեր աշխատանքը գնահատված զգաք»:
Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտ. աշխատող, պատմ. գիտ. թեկնածու Լուսինե Թումանյանը հակիրճ ներկայացրեց գրքի բովանդակությունը և կարևորեց հեղինակի կատարած ահռելի աշխատանքը.«Նարեկն այն գիրքն է, որը յուրաքանչյուրն ընկալում է յուրովի և ցանկացածը կգտնի այնտեղ այն աղոթքը, որն իրեն հոգեհարազատ է: Շնորհակալություն հեղինակին այս ամենը հավաքագրելու և հրատարակելու համար»: Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր գրադարանի ղեկավար Աստղիկ Ղափլանյանի «Գրիգոր Նարեկացի: Մատենագիտություն» գիրքը Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Կարո Շահբազյանի մեկենասությամբ տպագրվել է 2015թ.-ին և նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: «Այն չափազանց ծավալուն աշխատանք է, մեծ մատենագիտություն, որի մեջ հավաքվել են Ս. Գրիգոր Նարեկացու և «Մատյան ողբերգության» մասին ամբողջ աշխարհում լույս տեսած հայերեն ու օտարալեզու հրատարակությունները, հոդվածները, վերլուծությունները: «Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գիրքը լույս է տեսել 2018թ. դեկտեբերին: Այն հրապարակելու գաղափարը ծնվել է Մատենագիտությունը կազմելիս»,- իր խոսքում նշեց Աստղիկ Ղափլանյանը: Հեղինակն ասում է, որ աշխատանքի ընթացքում բազմաթիվ հիշարժան հոդվածներ ու վերլուծություններ է հավաքել, որոնք հայ ընթերցողի համար օգտակար կլինեն՝ Ս. Նարեկացու մեծությունն ու Նարեկի արժեքը վերագնահատելու համար: Օրինակ՝ Հայոց մեծ եղեռնի նահատակ Բարսեղ Շահբազի «Իտալիո Նարեկը կամ Իտալացիին Նարեկը», որը տպագրվել է Կ. Պոլսի Բյուրակ հանդեսում 1903թ.-ին:
«Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գիրքը բաղկացած է երկու մասից. առաջինը Պարույր Սևակի խոսքերով է վերնագրված՝ «Մեծերի մեջ մեծագույնը»: Երկրորդ մասը կոչվում «Գրական ուսումնասիրություններ» և իր մեջ ամփոփում է վերլուծություններ «Նարեկի» ու Ս. Նարեկացու մասին: Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան «Ծաղկազարդ» համախումբը և Հովհաննես սարկավագ Ներսիսյանը, ով կատարեց Գրիգոր Նարեկացու «Ահեղ ձայն» ստեղծագործությունը:
Միջոցառման ավարտին հեղինակն իր երախտիքի խոսքն ուղղեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն և շնորհակալություն հայտնեց հյուրերին ներկա գտնվելու և իր ուրախությունը կիսելու համար:
Լիլիանա Օսիպյան