Այսօր Հայաստանի Հանրապետության դպրոցներում ավարտական դասարանների աշակերտների համար երկար և խորհրդավոր կերպով հնչեցին վերջին զանգի ղողանջները։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում տեղի ունեցավ շրջանավարտների օրհնության կարգ: Առավոտից սկսած, աշակերտները այցեցին են եկեղեցիներ՝ ստանալու Աստծո օրհնությունը:
Վերջին զանգը սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։ Վերջին զանգը նշանավորում է անցում դեպի հասուն կյանք, դեպի երազանքների իրականացում:
Սիրելի՛ շրջանավարտներ, թող այն լավատեսությունն ու հավատը, որով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, երբեք ձեզ չլքեն, և թող վերջին զանգի ղողանջները արձագանքվեն ձեր հոգիներում՝ հիշեցնելով դպրոցական սքանչելի տարիների, սիրելի ուսուցիչների և դասընկերների մասին, ոգևորելով և մղելով նորանոր ձեռքբերումների։
Մեր ստացած գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին ՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար:
Արարատյան Հայրապետական թեմը ջերմորեն շնորհավորում է դպրոցների բոլոր շրջանավարտներին վերջին զանգի գեղեցիկ տոնի առթիվ՝ ցանկանալով հաջողություններ ու անսպառ եռանդ։