Մայիսի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Ս. Պատարագ մատուցեց Ս. Աննա եկեղեցում: Որպես առընթերականեր Սրբազան հորը սպասավորում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանն ու ԱՀԹ Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը:
Հընթացս Ս. Պատարագի Սրբազան հայրն իր պատգամը բերեց հավատացյալ ժողովրդին.
«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել. ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ դառն հարված» (Եղիշե):
Սիրելի՛ հավատացյալներ, 451թվականի այս օրը, մայիսի 26-ին, Ավարայրի դաշտում մարտիրոսացան և սրբացան Վարդանանք՝ ուղենշելով հայակերտման պայքարի ոգին՝ դառնալով այդ ոգու զարկերակը:
«Վասն հայրենեաց և վասն հավատոյ» կարգախոսը դարձավ հայի կամքի ամրության և հաղթանակների հավաստագիրը, որը հռչակվեց Վարդանանց պատերազմով: Այդ պայքարը սնվեց քրիստոնեական գիտակցությունից, ինչի հունդերը Հայաստան աշխարհում սերմանեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալները: Դրանք աճեցին, հասունացան՝ թանձրանալով հայոց հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի «մաքուր արցունքով»: Հայացան ու պտղաբերեցին մեսրոպյան գրով՝ հաստատելով հայի ինքնության ոսկեդարյան կնիքը: Սուրբ Վարդանի սուրը՝ զորացրեց ու պաշտպանեց հայրենիք ունենալու մեր սրբազան իրավունքը:
Ավարայրի ճակատամարտի հաղթանակն արձագանքվեց հայոց աշխարհում՝ կերտելով նոր հաղթանակներ և սրբագործելով հայի ինքնությունը: Վարդանանք դարձան անմահության, հույսի և կամքի կենդանի խորհրդանիշ՝ իրենց ուսերին բարձր կրելով հայոց ուխտի տապանը, որն իր մեջ ամփոփում է հայակերտ երեք սրբություններ՝ Ս. Լուրսավորչի արցունքը, Ս. Մեսրոպի գիրը և Ս. Վարդանի սուրը: Ուխտի այդ տապանն այսօր էլ մեզ առաջնորդում է հավատքով, խոսքով ու գործով՝ իմաստավորելու Տիրոջ զոհաբերությունը և հայ լինելու շնորհը:
Մայիսը հաղթանակների ամիս է՝ Ավարայր, Սարդարապատ, Հայրենական Մեծ պատերազմ, Արցախ, Շուշի…: Վարդանանք իմաստավորեցին մեր հետագա հաղթանակները՝ մաքառումի նոր հուն բացելով մեր պատմության անդաստանում: Վարդանանց ոգին, ուժը և մշտանորոգ խորհուրդը մեր էության բովանդակությունը դարձան՝ կռելով հայի աննկուն ոգին և բյուրեղացնելով մեր ինքնությունը:
Կոչված ենք այն ապրեցնելու՝ դեպի հավիտենականություն առաջնորդող «Վասն հայրենեաց և վասն հավատոյ» կարգախոսով՝ աստվածսիրության, եկեղեցասիրության և հայրենասիրության իրական նվաճումներով: Ավարայրով սկսված բոլոր հաղթանակների գրավականը մեր հավատարմությունն է ազգային պատկանելությանը: Ուստի, իբրև ժառանգներ Ս. Վարդանի, մեր լինելիության արմատներն ամրացնենք հայրենասիրությամբ, եկեղեցասիրությամբ և ստեղծագործ առաքելությամբ:
Թող Վարդանանց զորավարների բարեխոսությունը մեր երկրին պարգևի խաղաղություն, մեր հայրենի սահմանները պահող զինվորներին՝ քաջակորովություն, մեր երիտասարդներին՝ անսպառ եռանդ: Հանուն հավատքի և հայրենիքի հաղթանակած ոգին թող Ավարայրից տարածվի դեպի մեր հոգիները՝ դառնալով սխրանքի և փառաբանության մշտանորոգ ներշնչանք:
Շնորհը, սերը, խաղաղությունը թող լինի ամենքիդ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Ամեն»:
Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը սրբալույս Մյուռոնով օծեց Ս. Աննա եկեղեցու չորս նոր սրբապատկերները՝ Ս. Տրդատի, Ս. Աշխենի, Ավետման (նկարիչ՝ Լիլիթ Ամիրխանյան) և Ցեղասպանության ժամանակ մարտիրոսված սրբերի (նկարիչ՝ Մարիաննա Այվազյան): Սրբապատկերները նվիրաբերել են եկեղեցու ծխական խորհրդի անդամները:
Սրբազան հայրն օծեց նաև Սուրբ խորանի նոր խաչն ու երկու ճաճանչները: Հայկ Մնացականյանի և Մնացականյան ընտանիքի նվիրաբերած խաչը, Անդրանիկ Խաչատրյանի ու Հռիփսիմե Ավագյանի նվիրաբերած ճաճանչները պատրաստել են «Էլէս» ստուդիայի արծաթագործներ Գուրգեն Լալայանն ու Վարդան Սարգսյանը:
Արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը շնորհավորեց եկեղեցու հավատացյալներին սրբությունների օծման առթիվ` իր հայրական օրհնությունը բերելով բարերարներին ու հեղինակներին: Ավարտին Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին