Սիրո, երիտասարդության ու վայելքի տոն է Համբարձումը, որ տոնվում է բնության գրկում` մայիսյան ծաղկունքի մեջ: Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, գետից յոթ քարեր և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։ Այս տարի մայիսի 30-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Համբարձման տոնը, որին զուգահեռ, ըստ ավանդության, անցկացվում է նաև ժողովրդական Ջանգյուլում կամ Վիճակ տոնակատարությունը: Տոնի ժամանակ կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի առթիվ այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպել էին նաև մեծ տոնախմբություն` համեմված ժողովրդական սովորույթներով:
Թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ Երևանի Թումանյանի այգում համախմբվել էին երիտասարդաց միությունների անդամներն, ազգագրական խմբեր և քաղաքացիներ՝ նշելու համբարձման տոնը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Արարատյան Հայրապետական թեմի «Վարք հայոց», «Վան» երգի-պարի խմբերը:
Միջոցառման ավարտին ներկաներին բաժանվեցին գաթաներ և երիտասարդների կողմից եփված կաթնապուր։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին