Համբարձման տոնը՝ Արարատյան Հայրապետական թեմում

Համբարձման տոնը՝ Արարատյան Հայրապետական թեմում

Համբարձման տոնը հայտնապես Հիսուս Քրիստոսի Աստվածությունն է շեշտում ու մեզ հայտնում կատարյալ փրկության մասին. «Հոգով բարձրունքները ելեք»:
 

Թեմի բոլոր եկեղեցիներում, Համբարձման տոնի առթիվ, մատուցվեց Ս. Պատարագ:
 

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը Համբարձման տոնը նշելու իր ձևն էր ընտրել: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազան արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը այցելեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» ծննդատուն՝ Համբարձման բարի լուրը տանելով իր հետ տեղի ծննդկաններին ու ողջ անձնակազմին:
 

Տերունական աղոթքով Տեր հայրը իր օրհնության խոսքը բերեց բոլորին, օրհնեց նրանց և նվիրեց աղոթագրքեր։
 

Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Համբարձման տոնը նշվեց իր ամբողջ խորհրդով. «Երեխաները հանդես եկան երգ ու պարով, կատարվեց հյուրասիրություն. սեղանն, ի դեպ, առատ էր Համբարձման տոնին բնորոշ ուտեստներով՝ կաթնապուր, մատաղ»:
 

Միջոցառմանը ներկա էին գյուղապետ Սերոբ Հակոբյանը, Բյուրավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Թովմասյանը: Միջոցառման հյուրերից էր Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Պալգևորգյանը, ում հետ միասին Տեր Ղազար քահանա Պետրոսյանը կատարեց Անդաստանի արարողություն. «Մեր աղոթքներով ու շարականներով, ինչպես նաև քարոզխոսությամբ հայցեցինք Աստծո ողորմությունը և խաղաղությունը` համայն աշխարհի և հատկապես մեր հայրենիքի ու ժողովրդին համար։ Թող բոլորի ուխտն Աստված ի կատար ածի»,- իր խոսքը եզրափակեց Տեր Պարգև քահանա Պալգևորգյանը:

 

Լիլիանա Օսիպյան

  • 2019-05-31
×