Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից «Հայ միասնության խաչ»-ի Արվեստաց դպրոց հաճախող 46 հաշմանդամ և 150 անապահով ընտանիքների երեխաներ մասնակից եղան իրենց համար պատրաստված միջոցառման, որ նախաձեռնել և հովանավորել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը, ով շնորհակալություն հայտնեց տոնական միջոցառման նախաձեռնող ու աջակից անձին և օրվա առթիվ շնորհավորելով երեխաներին՝ մասնավորաբար ասաց. «Նախ պաշտպանենք մեր երեխաներին նյութապաշտ դառնալուց, նրանց մեջ պատասխանատվության և պարտքի զգացում սերմանենք հայրենիքի հանդեպ, քանի որ հայ ազգը կարող է երջանիկ լինել ոչ թե եսակենտրոն, այլ ընդհանուր երջանկությամբ»:
Ծնողներին և երեխաներին ուղղված շնորհավորական խոսք ասաց նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը. «Երեխաները Աստծո պարգևն են, նրանք այն մատաղ տունկերն են, որ Երկնավոր Հայրը տնկել է մեր պարտեզներում, որպեսզի առանձնահատուկ սիրով, ուշադրությամբ և համբերությամբ խնամենք նրանց: Յուրաքանչյուր զավակ ծնողների ուրախությունն ու հարստությունն է և այն պայծառ արեգակը, որ ցրում է ընտանեկան երկնակամարում կուտակված ամպերն ու ջերմություն պարգևում իր հարազատներին: Թող Աստված օրհնի և Իր զորավոր Աջով պահապան լինի ձեզ, սիրելի՛ երեխաներ»: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց «Հայ միասնության խաչ»-ին և միջոցառմանն աջակից Վարդանյան ընտանիքին, որոնց համատեղ ջանքերով երեխաներին ուրախ նվեր կմատուցվի:
Ուրախ տոնախմբության ուրախ սկիզբն ազդարարեցին «Հայ միասնության խաչ»-ի Մանուկների թագավորության թագավորն ու թագուհին, ովքեր իրենց սրտաբուխ բարեմաղթանքն հղեցին աշխարհի բոլոր երեխաներին: Այնուհետև հնչեց «Հայ միասնության խաչ»-ի օրհներգը, որից հետո կազմակերպության «Մաչանենց» թատրոնի պատանի դերասանները երեխաների ուրախությունը բազմապատկեցին՝ բեմադրելով Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» և «Բարեկենդան» հեքիաթները: Արվեստաց դպրոցի սաները ազգային կոլորիտով զարդարուն բակը լիացրին նաև ազգային երգ ու պարով: Տոնական օրվա հաջորդ նվերը երեխաներին տոնական հյուրասիրությունն էր, տոնական տորթը և քաղցր նվերները: Տոնական օրը կայացել էր, որովհետև «Հայ միասնության խաչ»-ի ողջ տարածքով մեկ թևածում էր ժպիտն ու ուրախությունը: Երեխաները ծնվում են արդեն ժպտալու ունակությամբ. ի՞նչ է մնում մեծերից՝ պահպանել և բազմապատկել այդ ունակությունը, որ փոխում է կյանքն ու աշխարհը:
Կարինե Սուգիկյան