Բոլորիս պարտականությունն է լինել այն մարդկանց կողքին, ովքեր ունեն մեր օգնության, խնամքի և հոգածության կարիքը: Հունիսի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, եկեղեցու համայնքի մի խումբ երիտասարդների և ծխական խորհրդի անդամների հետ միասին այցելեց Խարբերդի մասնագիտացված մանկատուն:
Մեզ հետ զրույցում Տեր հայրը ասաց. «2015 թվականից սկսած, աշխատում ենք այս մանկատան հետ: Պետք է նշեմ, որ միայն մենք չենք այցելում իրենց, այլև հնարավորություններ ենք ստեղծում, որպեսզի երեխաները նույնպես այցելեն մեզ: «Սեր՝ հանուն սիրո» ծրագրի շրջանակներում երեխաները գալիս են ֆիլմեր դիտելու, և ոչ միայն ֆիլմեր, բազմաթիվ մշակութային այցեր ենք կազմակերպում և շարունակելու ենք կազմակերպել: Պայմաններ ենք ստեղծում, որ երեխաները այցելեն թատրոններ և մշակութային այլ հաստատություններ. սա շատ կարևոր է երեխաների համար, նրանք պետք է ինտեգրվեն հասարակության մեջ և դառնան դրա մի մասնիկը: Շարունակելու ենք մեր աջակցությունը ցուցաբերել և մեր մշտական ներկայությունը ապահովել նրանց կյանքում»:
Երեխաներին բարձր տրամադրություն հաղորդեց ծաղրածուն, ով կազմակերպեց տարբեր խաղեր և աշխուժացրեց մանկատան երեխաների առօրյան:
Այցի ընթացքում բաժանվեցին քաղցրավենիք, հիգիենայի անհրաժեշտ պարագաներ, թևնոցներ և սրբապատկերներ: