Հուլիսի 11-ին ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժանմունքի և Հայ Առաքելական եկեղեցու համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում քրեակատարողական հիմնարկներում հաշվառված երեխաների հետ:
ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինձ համար շատ հոգեհարազատ է Սուրբ Սարգիս եկեղեցին, քանի որ շուրջ 17 տարի աշխատել եմ այս եկեղեցու հարակից տարածքում գտնվող ոստիկանական բաժանմունքում և ամեն շաբաթ պարտադիր այցելել եմ այս եկեղեցի:
Ես շատ կարևոր եմ համարում երեխաների հանդիպումը հոգևորականի հետ: Ոստիկանությունը տարիներ շարունակ կազմակերպել է հանդիպումներ դպրոցներում և խնդրել է, որ մեր հոգևորականները գան և իրենց խոսքը ասեն, ինչը անչափ կարևոր է եղել նրանց համար: Ոստիկանները ևս երեխաների հետ պարբերաբար զրույցներ են ունենում, բայց ես կարծում եմ հոգևորականի խոսքը շատ ավելի ազդեցիկ է և թափանցում է մինչև հոգու խորքը: Ամեն անգամ, երբ հնարավորություն է ստեղծվում երեխաներին եկեղեցի բերել՝ հոգևոր զրույցի, ես փորձում եմ անպայման ներկա գտնվել և հոգևոր սնունդ ստանալ: Այն երեխաները, ովքեր այսօր այստեղ են, անցել են ինչ-որ ճանապարհ, որը լի է եղել դժվարություններով: Կարծում եմ, որ մեր հոգևորականների դերը նրանց դաստիարակության գործում շատ կարևոր է: Ես շնորհակալություն եմ ուզում ասել Սրբազան հորը և Տեր Պետրոսին մեզ մշտապես աջակցելու համար»:
Նշենք, որ այցելուներին եկեղեցում դիմավորեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։ Տեր հայրը հանդիպումը սկսեց աղոթքով և մասնակիցներին ներկայացրեց Ս. Սարգիս եեղեցու պատմությունը, որից հետո թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունից նրանց փոխանցեց խորհրդանշական նվերներ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին