Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 51 շենքի բակում Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը կատարեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օրհնության կարգ:
-Մենք հպարտ ենք, որ ոչ թե ժողովորդ ենք, այլ միասնական ազգ: Մեր հայրենասիրական ոգին կոտրել ոչ ոք չի կարող՝ շնորհիվ մեր զինվորների, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում են իրենց հողը: Մեր խոնարհումն ենք այսօր բերում բոլոր զինվորների մայրերին: Թող Աստված պահի ու պաշտպանի ձեր զավակներին,- իր խոսքում ասաց տեր հայրը:
Խաչքարը տեղադրվել է տեղի բնակիչ Ազատ Մուրադյանի և նրա ընկերների աջակցությամբ: Ազատ Մուրադյանն իր խոսքում նշեց, որ անցյալ տարի այս նույն վայրում ընկերներով ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին ցայտաղբյուր տեղադրեցին, իսկ այսօր՝ խաչքար.«Սա մեր հոգու պարտքն էր, որը կյանքի կոչեցինք»։
Միջոցառմանը մասնակցում էին զոհված զինծառայողների հարազատները, համայնքի բնակիչները, ԵԿՄ անդամները, ազատամարտիկները, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
Միջոցառումն ավարտվեց համերգային կատարումներով:
Լիլիանա Օսիպյան