Ավագ հինգշաբթի. Հիշատակ Վերջին Ընթրիքի և Ոտնլվայի

Ավագ հինգշաբթի. Հիշատակ Վերջին Ընթրիքի և Ոտնլվայի

Ապրիլի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ավագ հինգշաբթին: Այն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին Ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է ողջ տարվա ընթացքում: Արարողությունները սկսվում են առավոտյան ու տևում մինչ ուշ գիշեր: Առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ժամերգություն և Ապաշխարողաց կարգ, ապա մատուցվեց Վերջին Ընթրիքը խորհրդանշող Ս. Պատարագ: Վերջին Ընթրիքի ժամանակ էր, որ Քրիստոս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը. գինին` իբրև Իր Արյուն, հացն` իբրև Իր Մարմին: 

 

Օրվա հաջորդ արարողությունը Ոտնլվայի կարգն ու Յուղօրհնեքն էր, որին հաջորդեց Խավարման կարգը` ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի կարգն ու Յուղօրհնեքը կատարվեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ:


Արարողության ընթացքում տեր հայրը լվաց Խամփերյանցի անվան ռազմաօդային համալսարանի 12 կուրսանտների ոտքերը, ովքեր եկեղեցի էին եկել համալսարանի հոգևոր սպասավոր Տ. Սիմեոն քահանա Մովսեսյանի գլխավորությամբ:
Ավագ Հինգշաբթի Յուղի օրհնության կարգը կատարվում է ի հիշատակ ավետարանական այն դրվագի, համաձայն որի, երբ Քրիստոս հյուրընկալվել էր փարիսեցի Սիմոնին, անառակ մի կին եկավ ու իր արցունքներով լվաց ու անուշահոտ յուղով օծեց Քրիստոսի ոտքերը: «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտա քո տունը, ոտքերիս համար ջուր չտվիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը և իր մազերով սրբեց: Դու ինձ մի համբույր էլ չտվիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց: Դու յուղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ յուղով ոտքերս օծեց: Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ՝ սակավ»: (Ղուկաս 7: 36-50):


Ավագ հինգշաբթի երեկոյան բոլոր եկեղեցիներում կատարվեց Խավարման կարգ: Այն Քրիստոսի մատնության, չարչարանքների ու խաչելության հիշատակն է: Արարողության ընթացքում Ս. Խորանին դրված 13 մոմերն ընթերցումներին զուգահեռ մարվեցին: Վերջում վառված է մնում միայն Քրիստոսին խորհրդանշող մեծ մոմը, որը նույնպես մարում են՝ ի նշան Քրիստոսի մահվան:


Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական տոնացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-04-13
×