Ապրիլի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ՝ Ծաղկազարդը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Եսայի քահանա Արթենյանն էր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր:
Հընթացս Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Դիմելով ներկաներին` Սրբազան հայրը մաղթեց, որ սերը թագավորի մեր սրտերին և պատգամեց, որ բոլոը նմանվեն մանուկներին, որոնց փառաբանությունն ընդունեց Քրիստոս, քանի որ հենց նրանք Տիրոջից ակնկալում էին միայն սեր, խաղաղություն և բարություն։
Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրն առաջնորդարանի դահլիճում օրհնեց նաև թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի մանուկներին:
Երեկոյան ժամերգության ավարտին կատարվեց Դռնբացեքի կարգ: Այն խորհրդանշում է երկնքի արքայության դռների բացվելը և խորհրդավոր նախամուտքը Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին