Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավետման տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ մատուցվեց բոլոր եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Հընթացս Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց մայրության բերկրանքն ապրող կանանց օրհնության կարգ: Օրհնություն ստանալու էին եկել նաև Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կրթական կենտրոնի՝ հղիների համար անցկացվող քրիստոնեական դասընթացի մասնակիցները:
Սրբազան հայրը շնորհավորեց բոլոր կանանց ու մայրերին՝ մաղթելով Տիրամոր բարեխոսությունն ու Աստվածային սիրո ներշնչումը, տղամարդկանց էլ հորդորեց ամեն ինչ անել, որպեսզի հայ կինը, հայ մայրը հարատև երջանիկ ապրի՝ կրթելով ու դաստիարակելով Հայրենիքին արժանի զավակներ:
Սրբազան հայրը հղիներին հանձնեց խորհդանշական նվերներ և պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին