Վարդավառն ԱՀԹ-ում

Վարդավառն ԱՀԹ-ում

Հունիսի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցան Վարդավառին նվիրված միջոցառումներ։

 

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու երիտասարդաց միության անդամները Ս. Պատարագից հետո, Տեր Բարդուղիմիոս քհն Հակոբյանի նախաձեռնությամբ Նուբարաշենում գտնվող «Ձոր» հանգստի գոտում նշեցին տոնի ժողովրդական մասը։

 

 

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ևս Ս. Պատարագից հետո տեղի ունեցավ Վարդավառի ուրախ տոնախմբություն, որը կազմակերպել էին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամները։ Տոնի խորհրդին համահունչ հնչում էր «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտությունը՝ ներկաներին հիշեցնելով, որ երկնային փառքին արժանանալու համար անհրաժեշտ է հոգին մաքրել ու աստվածային սեր ունենալ։

 

 

Վարդավառին նվիրված միջոցառումներ տեղի են ունեցել նաև Նոր Նորքի Ս. Սարգս եկեղեցու բակում։ Ջրախաղից հետո երիտասարդաց միության անդամներն ազգային երգ ու պարի միջոցով ոգևորեցին ներկաներին։

 

 

Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում նույնպես այդ օրը կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, այնուհետև հարակից այգիներում երիտասարդաց միության անդամները երեխաների համար կազմակերպեցին ջրախաղ։

 

 

Արարատի մարզի եկեղեցիներում ևս հունիսի 28-ը անցել է հետաքրքիր և տոնին համահունչ ավանդույթներով։ Ս. Պատարագից անմիջապես հետո Երիտասարդաց միության անդամների կողմից գրեթե բոլոր եկեղեցիներում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ և ջրախաղ։

 

 

Հիշեցնենք, որ տոնին հատուկ է միմյանց վրա ջուր ցողելը, վարդեր նվիրելը և աղավնիներ բաց թողնելը, որը խորհրդանշում է ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն։

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-07-29
×