Ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. ծրագիրը

Ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. ծրագիրը

Դեկտեմբերի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. բարեգործական երկրորդ ծրագիրը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապի վարչության պետ գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվության բաժնի պետ Լյուդմիլա Ղահրամանյանը: Միջոցառումը նվիրված էր Արցախյան հերոսամարտին մասնակցած կին ազատամարտիկներին, ովքեր ծրագրում ընդգրկվել էին իրենց դիմումի համաձայն:


Հանդիպումը Սրբազան հոր առաջնորդությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Թեմի բարեգործական ծրագրերի համակարող Շուշան Պետրոսյանը խոսեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի մասին՝ ներկայացնելով այս տարի ցուցակում ընդգրկված սոցիալական խմբերը: Նա շեշտեց, որ Սրբազան հոր օրհնությամբ հնարավոր եղավ ծրագրում ներգրավել նաև կին ազատարամտիկներին:


Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն իր երախտիքը հայտնեց Տ. Նավասարդ Սրբազանին թեմի կողմից իրականացվող ծրագրի համար` հույս հայտնելով, որ այն իր տարածումը կգտնի` ընդգրկելով ամբողջ Հայաստանն ու Արցախը: «Ես ուրախ եմ, որ այս ծրագրի ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի ու ՀՀ Պաշտպանության նախարարության միջև ջերմ բարեկամություն է ստեղծվել: Արարատյան Հայրապետական թեմի այս ծրագիրն իրապես առաքելություն է, որ թեմը սիրով վերցրել է իր ուսերին: Մեր զինվորների նկատմամբ Ձեր հայրական հոգածությունն իսկապես շատ կարևոր է: Խրախուսման այս ձևի մեջ կարևոր է ոչ միայն ֆինանսական կողմը, այլև՝ հոգևոր խնամքը: Պաշտպանության նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում այս ծրագրի և հատկապես`մեր կին ազատամարտիկներին հատկացված օգնության համար»,- նշեց պարոն Ավետիսյանը:


Տ. Նավասարդ Սրբազանն իր երախտիքը հայտնեց ազատամարտիկ կանանց` ի մասնավորի ասելով. «Ջերմորեն ողջունում ենք Ձեզ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Մեզ համար մեծ պատիվ է հանդիպել ձեզ հետ և զգալ այն ոգին, որ դուք ոչ միայն կրում եք ձեր մեջ, այլև ձեր օրինակով բաշխում եք մյուսներին: Մենք ուրախ ենք, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմում իրականացնում ենք բազմաթիվ բարեգործական ծրագրեր, որոնցից մեկն էլ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն է:


Անպարտելի է այն բանակը, երբ կանայք են ոտքի կանգնում: Այդ ոգին կոտրել հնարավոր չէ: Հայ կինը, ով կոչված է երեխաներ ծնելու, դաստիարակելու և ազգին նվիրաբերելու սրբազան գործին, բանակում իր ներկայությամբ, իր առաքելությամբ, իր սիրով, իր մարտունակությամբ կիսում է հայրենիքի պաշտպանության սրբազան գործը:


Իսկապես բանակն ամենակարևորն է մեր պետականության համար, և Եկեղեցին, որ կոչված է օգնելու, աջակցելու, միշտ պատրաստ է իր այդ առաքելությունն իրագործելու: Այս ծրագրով մենք էլ մեր փոքրիկ մասն ու բաժինն ենք բերում այդ մեծ առաքելությանը:


Ձեր օրինակը կենդանի քարոզ է: Երիտասարդ սերունդը պետք է օրինակ վերցնի, ներշնչվի ձեզանով, և դուք ոգեշնչումի աղբյուր պիտի դառնաք նրանց համար: Թող տեսնեն, որ սխրանքը չի մահանում, այն գնահատվում է և միշտ պետք է օրհնության արժանանա և շարունակական լինի քանզի Աստված մեզ հետ է: Ամեն»:
Հանդիպման ընթացքում ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված 10 կին զինհաշմանդամների տրամադրվեց դրամական օգնություն`առողջական խնդիրների լուծման համար: Դրամական աջակցությունից բացի Սրբազան հայրը նաև Ավետարաններ ու ծաղիկներ նվիրեց նրանց:
Ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին:


«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրն իրականացվում է Ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ: Արդեն երկրորդ տարին է, որ ծրագրի ընթացքում հավաքված 50 մլն դրամ գումարը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Այս տարի աջակցություն ստացան զինհաշմանդամները և նախորդ տարի ծրագրում չընդգրկված՝ 2014-2015թթ. զոհված զինվորների ընտանիքները:


Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում և Արարատի մարզում: Դրամաբաշխությունը կատարվում է ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով:

  • 2021-09-07
×