Նավասարդ Սրբազանի ուղերձը Ավետման տոնի առթիվ

Նավասարդ Սրբազանի ուղերձը Ավետման տոնի առթիվ

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը Ավետման տոնի առթիվ

 

«…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար 

Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա’յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը…»:

Պարույր Սևակ
 

Սևակյան այս տողերի բարձրագույն գնահատմամբ յուրաքանչյուր զավակ խոնարհվում է իրեն կյանք պարգևող էակի առջև, ով ի վերուստ «մայր» կոչվելով՝ դարձել է ամենքիս հոգու և էության անխզելի մասնիկը: «Մայր» և «մայրություն» բառերն իրենց մեջ պարունակում են սեր և գորով, կյանք և ջերմություն, համբերություն, հաշտություն և խաղաղություն: Մայրությունն ինքնազոհաբերման, նվիրումի արվեստ է, այն անփոխարինելի շնորհ է, առավելագույնն է, ինչ Աստված պարգևել է հայ կնոջը: Մայրության գաղափարն անսահման վեհ ու վսեմ է եղել մեր ժողովրդի համար, և նրա հետ շաղկապվել են մեր հոգուն հարազատ ու թանկ, սուրբ արժեքները: Մոր գաղափարը կյանքի սնուցման, կյանքը ճշմարտապես ապրելու և աստվածահաճո ընծայման խորհուրդն ունի իր մեջ:


Հայոց մայրերը միշտ եղել են ընտանիքի սրբությունը: Նրանք ապրել են բարությամբ, աղոթանվեր հոգով և խոնարհությամբ: Հայ կինը ոչ միայն զավակ է ծնել, այլև ապրել է նրա համար, իր կյանքը կաթիլ-կաթիլ տալով՝ բարձրացրել և սատարել է իր զավակին: «Մայր» բառը հայոց բառարանի ընտրելագույն բառերից է և առնչվում է բացառիկ արժեքների հետ՝ Մայրենի լեզու, Մայր Հայրենիք, նաև որպես հավատքի գնահատում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին… Մենք՝ զավակներս էլ, որպես երախտիքի խաչբուռ, բերում ենք մեր խոնարհումը՝ շիրազյան գոհար-խոսքերով փառաբանելով մեր սիրասուն մայրերին:


«Հանեմ գանձերը հայոց լեռների,
Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
Ծաղիկների հետ, մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,
Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`
Մորս ոտքի տակ` , ախ, քիչ է էլի:
Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս`
Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
Աստված իմ, քիչ է, չէ, քիչ է էլի»:

Հովհաննես Շիրազ

 

Հայ մայրերն ու կանայք իրենց խոնարհության, համեստության, տոկունության, անձնազոհության, անսահման սիրո ու նվիրումի համար բոլոր դարերում համեմատվել են Աստվածամոր հետ, քանզի մոր սիրուց անշահախնդիր սեր չկա: Սուրբ Աստվածամայրն իր բացառիկ առաքինությամբ մշտապես օրինակ է քրիստոնյա մայրերի համար: Նա ողջ հայության մայրության խորհրդանիշն է: Աստվածամոր միջոցով` Շնորհն ու Լույսը, Փրկությունն ու Կյանքը` Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ: Աստվածամայրը դարձավ Կենաց մայր, եղավ մայրը` Աշխարհի Փրկչի, Հավիտենական Լույսի:


Որդիաբար հայցենք ամենաօրհնյալ Աստվածամոր բարեխոսությունը՝ մեր սիրասուն մայրերի քաջառողջության համար: Իբրև երկնքի և երկրի Մայր Թագուհի՝ թող Տիրամայրը սիրով և անսահման գութով պարուրի բոլորիս սրտերը և շնորհի խաղաղ ու հավատավոր կյանք:

 

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2017-04-07
×