Մեծ ավտոբուսով, լիքը պայուսակներով ու շատ երջանիկ հուլիսի 22-ին հասանք Սևան՝ մեր հարազատ հանգստյան տունը։ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցին, Տեր Գրիգոր քահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, արդեն 8-րդ տարին է, որ կազմակերպում է հոգևոր ճամբար: Համայնքի բազմազավակ ընտանիքների երեխաները, կիրակնօրյա դպրոցի աշակերտներն ու Մ. Իզմիրլյանի անվան մանկատան սաներն իրենց 10-օրյա հանգիստը համատեղեցին հոգևոր կրթության, խաղերի, սպորտի, ուխտագնացության, ստեղծագործական աշխատանքի հետ։
Ավելի քան 50 երեխաների խնամում, նրանց համար պատրաստում ու ճամբարային առօրյան կազմակերպում էին մեր կամավորները՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդներն ու կանայք։
Օրը սկսվում էր աղոթքով, հետո մարզանք, նախաճաշ, հոգևոր դաս ու սպասված հանգիստը լողափում։ Օրվա երկրորդ հատվածի համար ծրագիրը բազմազան էր՝ ինտելեկտուալ հոգևոր, խոհարարական, նկարչական մրցույթներ, սեղանի թենիսի մրցաշար, առաջին բուժօգնության դաս, լեռնագնացություն։ Հեքիաթ լսելով կամ մուլտֆիլմի դիտումով էլ երեխաները ավարտում էին օրը։ Շորժայի Սուրբ Աստվածածին եկեղեցում երեխաները մասնակցեցին պատարագի, որը մատուցեց Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։
Հրաժեշտի խարույկահանդեսի հաջորդ առավոտյան երեխաների հետ ճանապարհ ընկանք Երևան՝ 9-րդ հոգևոր ճամբարի սպասումով: Աստծո կամքով, մեկ տարի անց Սևանը նորից կընդունի մեզ:
Լուսինե Ղարիբյան