Հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը Արարատի մարզի Արարատ գյուղի շուրջ 20 երեխաներ մարզի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ և Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ գտնվում էին Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում:
«Ծիծեռնակ» Ճամբարի 1-ին ջոկատի ջոկատավար Ելենա Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց. «Երեխաների օրը այստեղ շատ հագեցած է: Առավոտյան 7:45 բոլորը արթնանում են և ըստ օրակարգի առաջ ընթանում: Ամեն ինչ արված է, որ երեխաները ազատ ժամանակ չունենան հոգնելու կամ ձանձրանալու համար: Ճամբարում գործում են երգի, պարի, սպորտային խաղերի խմբակներ: Երեկոյան կազմակերպում ենք թատերական ներկայացումներ և մուլտֆիլմերի դիտում: Երեխաները միաժամանակ հասցրել են ձեռք բերել լավ ընկերներ և վստահ ենք, նրանց ընկերությունը շարունակվելու է նաև ճամբարային կյանքից դուրս: Մենք շատ ուրախ էինք նրանց այստեղ հյուրընկալելու և նոր գիտելիքներով զինելու համար»:
Երեխաներին ճամբարից վեռադառնալիս դիմավորեցին նրանց ծնողները և Տեր Դավիթ քահանա Սահակյանը: Տեր հայրը կատարեց մանուկների օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին