Օգոստոսի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում տեղի ունեցավ ազգագրական և ժողովրդական պարերի միջոցառում, որին մասնակցում էին Հայաստանի և սփյուռքի թեմերից ժամանած երիտասարդներ: Միջոցառման նպատակն էր հոգևորն ու ազգայինն ավելի ամրապնդել երիտասարդների մեջ:
Ընդհանրական աղոթքից հետո, ԱՀԹ Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Ինչպես գիտեք, Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ հուլիսի 4-7-ը տեղի ունեցավ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացությունը: Այն հրաշալի առիթ եղավ մեկս մյուսին ճանաչելու, նոր ծրագրերով հանդես գալու համար: Ուրախ եմ, որ այսօր այստեղ տեսնում եմ երիտասարդների, որոնց հետ մենք մի քանի օր շարունակ հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել, եղել ենք Արցախի զորամասերում: Ձեզ եմ փոխանցում Արարատյան Հայարապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Արարատյան Հայրապետական թեմի դռները միշտ բաց են բոլորիդ առաջ: Մաղթում եմ, որ այն բոլոր եկեղեցասեր ծրագրերը, որ ունեք, Աստծո օրհնությամբ և ձեր առաջնորդների աջակցությամբ ի կատար ածվեն»:
Միջոցառմանը մասնակցեցին Լոնդոնի «Ախթամար» համույթի երիտասարդները, ովքեր Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում՝ սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների հետ միասին, պարեցին ազգագրական և ժողովրդական պարեր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին