Աստվածաշունչը թարգմանվեց ժեստրի լեզվով

Աստվածաշունչը թարգմանվեց ժեստրի լեզվով

Ապրիլի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Հին Կտակարանը ժեստերի լեզվով» բացառիկ տեսասկավառակների շնորհանդեսը:


Տասնհինգ տարի առաջ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ և օրհնությամբ Տ. Եսայի քհն. Արթենյանը ստանձնեց խուլերի հետ աշխատելու պարտավորությունը: Սովորեց ժեստերի լեզուն, որպեսզի կարողանար շփվել նրանց հետ առանց թարգմանչի:


Խուլերի մայրենի լեզուն ժեստերի լեզուն է, որով և նրանց քարոզվում է Աստծո խոսքը: Արդյունքում խուլերի համայնքը կարողանում է լիարժեք մասնակից լինել և ինտեգրվել Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր և համայնքային կյանքին: Խուլերը սովորեցին աղոթել, և նրանց աղոթքը կյանքի կոչվեց ու դարձավ Աստվածաշունչ:


Տեր Եսային իր երախտագիտությունը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ում հայրական հոգածությամբ սկսվեցին տեսասկավառակի նկարահանման աշխատանքները: Տեր հայրը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին և ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանին՝ ֆինանսապես աջակցելու և հետևողական կերպով ծրագրի ընթացքին աջակցելու համար:


Աստվածաշնչի թարգմանության և նկարահանումների աշխատանքները սկսվել են չորս տարի առաջ: Աշխատանքներին մասնակցել են 15 խուլեր, հոգևորականն ու ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը:


Միջոցառման ընթացքում խուլերը ներկայացան մնջախաղային համարներով, երգով ու ասմունքով:


Ապա ներկաներին իր խոսքն ուղղեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը. «Տիրոջ օգնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և Արարատյան Հայրապետական թեմի ջանքերը պսակվեցին հաջողությամբ, և մենք այսօր ունենք Աստվածաշնչի առաջին մասի՝ Հին Կտակարանի՝ ժեստերի լեզվին փոխադրումը: Աստվածաշունչը յուրաքանչյուր հավատացյալի կյանքի գիրքն է, այն Աստծո և մարդկանց հարաբերության պատմությունն է: Եվ այդ պատմությունը կարելի է ամփոփել հետևյալ նախադասության մեջ. Աստված ստեղծեց տիեզեքը, մարդկանց և ասաց. հավատարիմ եղեք Ինձ, և Ես կլինեմ ձեր Աստվածը: Այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ հավատարիմ մնացին Աստծուն, ապրեցին հանգիստ և երջանիկ: Երբ նրանք հեռացան Աստծուց՝ ընկան փորձությունների մեջ: Այս ամենից հետո Աստված նորից իր խոսքը փոխանցեց մարդկանց ընտրյալ անձերի՝ առաքյալների, մարգարեների, եկեղեցու հայրերի միջոցով: Այսօր՝ այս պահին, Աստված ձեզ՝ խուլերիդ է ընտրել, որ իր խոսքը տարածեք մարդկանց: Միայն այդ դեպքում կարող ենք ասել, թե Աստված օրհնեց այս ձեռնարկը»:

Եզնիկ Սրբազանն իր խոսքի ավարտին տեսասկավառակի առաջին օրինակը նվիրեց Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանին:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր գնահատանքն ու օրհնությունը բերելով ներկաներին՝ ասաց. «Մեր առաքելության ճանապարհին խուլերի հետ հանդիպումները մեզ կենտրոնացրել են այնպիսի իրողությունների վրա, որոնք հաճախ անտեսում էինք՝ համարելով սովորական: Բայց խուլերի հետ հանդիպումից հետո դրանք դարձան արտասովոր:


Շնորհակալություն Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը և բոլոր մասնակիցներին: Այս միջոցառման գլխավոր հասցեատերը կաք և մնում եք դուք՝ խուլերդ: Այն հունդերը, որ սերմանվել են ձեր հոգիների մեջ, արդյունավորվել են ի դեմս այս տեսասկավառակների:


Այնպես ստացվեց, որ այս հիանալի միջոցառումը համընկավ լռության օվա հետ։ Իսկ խուլի համար լռությունը կենսակերպ է. այդ լռության մեջ լսում եք Աստծո ձայնը, և ձեր սրտերում գրանցվում է Տիրոջ ապրեցնող, կյանք տվող խոսքը՝ ձեզ դարձնելով Տիրոջ խոսքի տարածման գործուն վկաներ»:


Միջոցառման վերջում Սրբազան հայրերը տեսասկավառակները բաժանեցին ներկաներին:


Առաջիկայում խուլերը պատրաստվում են Նոր Կտակարանը ժեստերի լեզվով թարգմանելու և թողարկելու աշխատանքներին. կնկարահանվեն ևս 128 հոլովակներ:


Հասմիկ Թամամյան

  • 2017-04-01
×