Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ամառային բակային ճամբարի փակման միջոցառումը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ամառային բակային ճամբարի փակման միջոցառումը

Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ամառային բակային ճամբարի փակման միջոցառումը

Օգոստսի 13-ին Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում, Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ ամառային բակային ճամբարի փակման միջոցառումը: Բարի ավանդույթ դարձած մեկշաբաթյա բակային ճամբարն ընթացավ մրցութային կարգով. շուրջ 60 երեխաներ բաժանվեցին 3 ջոկատների միջև, որոնց ջոկատավարներ ընտրվեցին «Զատիկ» երիտասարդաց միության անդամները: Բակային ճամբարի յուրաքանչյուր օրը հագեցած էր հոգևոր գիտելիքների, հոգևոր երգերի և աղոթքների ուսուցումներով, սպորտային մրցումներով, ազգային պարերով և երաժշտությամբ: Ճամբարի վերջին օրն անցկացվեցին ազգագրական պարի, հոգևոր երգի ու հոգևոր ինտելեկտուալ խաղի մրցույթները:

Մեկ շաբաթվա ընթացքում ամբարած հոգևոր գիտելիքները ներկայացվեցին 3 թեմաների ներքո՝ Աստվածաշունչ, Հայ եկեղեցու տոներ և Հայ եկեղեցու խորհուրդներ: Մրցույթին մասնակից 3 ջոկատներն էլ դրսևորեցին փայլուն հոգևոր գիտելիքներ և միավորների ամփոփումով ընտրվեց հաղթող ջոկատը: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ողջույնի խոսք ասաց Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Սարգսյանը: Այնուհետև սկսվեց ճամբարին մասնակից ջոկատների մրցանակաբաշխությունը. Գևորգ Սրբազանը նվերներ բաժանեց ճամբարականներին: Մրցանակների հանձնման ավարտից հետո ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպսկոպոս Սարոյանը: Սրբազան հայրն իր խոսքում մեծապես կարևորեց նման նախաձեռնությունները՝ մասնավորապես երեխաների հոգևոր դաստիարակության համար:

Ապա տոնական օրը շարունակվեց ուրախ համերգային ծրագրով: Իրենց կատարումներով հանդես եկան «Արթ մյուզիք» միջազգային մրցույթ փառատոնում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրած Արևշատի երաժշտական դպրոցի դհոլահարների համույթը, Արևշատի «Սթար դենս» պարային համույթը, Արևշատի երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաև «Հայ լաո» խմբի տաղանդաշատ երգիչներ Տիգրան և Վարդան Թադևոսյանները:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-08-14
×