Կանաչ կիրակի. Քրիստոսի արյամբ՝ պտղաբեր

Կանաչ կիրակի. Քրիստոսի արյամբ՝ պտղաբեր

Այս կիրակի հաստատվեց Քրիստոսի եկեղեցին և հիմնարկվեց բոլոր քրիստոնյաների մատուռը։ Ապրիլի 30-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կանաչ կամ Աշխարհամատրան կիրակին։ Այն Ընդհանրական Եկեղեցու տոնն է, որն այժմ նշվում է միայն Հայ Առաքելական եկեղեցում։


«Աշխարհամատուռ»` նշանակում է երևելի մատուռ կամ եկեղեցի, ինչպես նաև՝ աշխարհի առաջին մատուռ: «Մատուռ»-ը հունարեն բառ է, որը նշանակում է «մարտիրոսների վայր»: Հետագայում մարտիրոսների գերեզմանների վրա կառուցված եկեղեցիներն անվանվեցին մատուռներ:


Ավետարանում կարդում ենք, թե առաքյալները Հիսուսի համբարձումից հետո հավաքվում էին Վերնատանը և հիշում իրենց Մեծ Վարդապետի՝ Վերջին Ընթրիքի ժամանակ տված պատգամները: Օրհնում էին հացն ու գինին, միասին աղոթում և ճաշում էին: Սա առաջին աղոթավայրն էր, որը կոչվեց Աշխարհամատուռ, այսինքն` աշխարհում առաջին աղոթքի մատուռ:


Ժամանակային առումով քրիստոնեական առաջին եկեղեցին՝ Սուրբ Էջմիածինը, կառուցել է Տրդատ արքան, ապա Հեղինե թագուհին կառուցել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը:


Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որը տոնի ժողովրդական անվանումն է։ Կանաչ ասելով նկատի է առնվում Քրիստոսի արյամբ սնված, ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է Եկեղեցու հավիտենականությունը:


Աշխարհամատրան կիրակին հիշեցնում է Քրիստոսի եկեղեցու հաստատման ու հավիտենական խորհրդի մասին։ Սակայն Եկեղեցին միայն Քրիստոսի անվան շուրջ համախմբվող մարդկանց հավաքը չէ։ Եկեղեցին այն վայրն է, ուր մարդ և Աստված հանդիպում են իրար և կազմում մեկ ընտանիք` դառնալով մեկ մարմին, որով և եկեղեցին միաժամանակ երկու իրականության կրողն է դառնում. մի կողմից այն մեղավոր մարդկության հավաքատեղին է, ուր մարդը գտնում է փրկություն և մեղքերի քավություն, իսկ մյուս կողմից եկեղեցին ներկայացնում է կատարյալ մարդուն` Աստվածորդուն, Ով կանչում է ամենքիս. «Եկե՛ք ինձ մոտ դուք բոլորդ, հոգնածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և ես պիտի հանգիստ տամ ձեզ»: (Մատթեոս 11:28)


Հասմիկ Թամամյան

  • 2017-04-30
×