Օգոստոսի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ երիտասարդաց միությունների ատենապետ Վահան Մարդյանը և Ավանի Ս․ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը Դիլիջանում մասնակցեցին ՀՅԴ կուսակցության կողմից կազմակերպված պատանիների ամենամյա ճամբարին: Այցի ընթացում Տեր հայրը խոսեց Հայ Առաքելական Եկեղեցու, նրա առաքելության և հայապահպան գործունեության, ինչպես նաև եկեղեցում երիտասարդների դերի մասին:
Քարոզից ու դասախոսությունից հետո պատանիները հղեցին իրենց հուզող հարցերը։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միությունը կազմակերպել է բանակում, որին մասնակցում են շուրջ 250 պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։ Ամեն օր պատանիներն ունենում են դասախոսություններ, սպորտային մրցույթներ, խաղեր և խմբային աշխատանքներ: Հանգստի ժամին պատանիները պարում են հայ ազգային պարեր, երգում ազգագրական երգեր, ծանոթանում ու շփվում միմյանց հետ, իսկ երեկոներն ամփոփվում են խարույկահանդեսով:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին