Դպրոցի զանգի կանչով հավաքվեցինք տոնելու սեպտեմբերի 1-ը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Դպրոցի զանգի կանչով հավաքվեցինք տոնելու սեպտեմբերի 1-ը

Դպրոցի զանգի կանչով հավաքվեցինք տոնելու սեպտեմբերի 1-ը

Այսօր տոնական բարձր տրամադրություն էր տիրում ինչպես քաղաքի, այնպես էլ համայնքների բոլոր դպրոցներում: Սեպտեմբերյան այս գեղեցիկ օրվա միջոցառումներից անմասն չէին մնացել Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվները, ովքեր այցելելով տարբեր դպրոցներ՝ իրենց օրհնությունն ու շնորհավորական խոսքն ուղղեցին դպրոցականներին:

 

Գունեղ փուչիկներ, երգ ու պար և, իհարկե, այս ամենը դպրոցի տնօրենների և ողջ անձնակազմի ջանքերով, ովքեր առավոտ կանուխ նախապատրաստական աշխատանքներն էին տանում՝ առաջին դասարանցիներին դիմավորելու, անակնկալներ մատուցելու և օրվա խորհրդին ականջալուր դարձնելու համար: Միջոցառման սկզբում իրենց ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենները, ովքեր առաջնահերթ կարևորեցին այս կյանքում լավ մարդ դառնալն ու մնալը. «Բարի գալուստ դպրոց և շնորհավոր Գիտելիքի օր, սիրելի երեխաներ: Ուրախ ենք, որ այսօր դպրոցի զանգի կանչով հավաքվել ենք տոնելու սեպտեմբերի 1-ը: Սիրելի ծնողներ անհոգ եղեք, քանի որ ձեր երեխաները մուտք են գործում կրթօջախ նվիրումի, մեծ սիրո և հոգատարության մեծ չափաբաժին ստանալու համար»:

 

Միջոցառման ընթացքում իրենց օրհնությունն ու շնորհավորական խոսքն ուղղեցին թեմի եկեղեցիների հոգևոր հովիվները, մաղթելով, որ երեխաների մեջ սերմանվի սեր, քանի որ առանց սիրո ոչ մի արդյունքի հասնել չի ստացվի:

 

Դասվարները մեզ հետ զրույցում կարևորեցին յուրաքանչյուր աշակերտին անհատական մոտեցում ցուցաբերելը. «Մեզ համար կարևոր է, որ կարողանանք ճանաչել երեխաներից յուրաքանչյուրին: Օգնել նրանց հնարավորինս շուտ հարմարվել դպրոցական կյանքին»:

 

Դասասենյակում հավաքված երեխաները շփոթված էին, ծնողները՝ հուզված: Առաջին դասարան մուտք գործող երեխաներից շատերի աչքերում մեծ խանդավառություն էր նկատվում: Նրանք քաջ գիտակցում էին, թե ուր են եկել և ինչ են դառնալու ապագայում. «Ես դառնալու եմ զինվոր, հետո բժիշկ: Դրա համար լավ պիտի սովորեմ դպրոցում»,- իր խոսքում նշեց 6-ամյա Սոսը:

 

Դպրոցներում տիրող տրամադրությունը շարունակվեց մինչ կեսօր. չէին դադարում շնորհավորանքները, սրտաբուխ մաղթանքներն ու միմյանց ծաղկեփնջեր նվիրելը:


Նորք Մարաշի համար վաթսունմեկ հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանի խոսքով արդեն 9 տարի է, ինչ երեխաները մուտք են գործում դպրոց՝ Տեր հոր օրհնությամբ. «Գեղեցիկ ավանդույթ է դարձել մեզ համար Տեր հոր օրհնությամբ դպրոց մտնելը: Դպրոցի բոլոր մեծ միջոցառումներն առանց Տեր հոր մասնակցությամբ չի անցկացվում, ինչի համար ուրախ եմ»:


Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը գիտելիքի օրվա կապակցությամբ այցելեց Արարատ քաղաքի պետական քոլեջ և օրհնեց ներկա ուսանողներին, աշակերտներին և կրթության մշակներին:


Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, նույնպես գիտելիքի օրը անցկացրեց աշակերտների հետ և իր օրհնությունը փոխանցեց նրանց:


Նոր Նորքի Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանն այցելեց Նոր Նորքի «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոց, որտեղ կատարեց աշակերտների օրհնության կարգ։


Վանաշեն համայնքում ևս տեղի ունեցավ աշակերտների և ուսուցիչների օրհնության կարգ՝ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ:


Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 և 143 հիմնական դպրոցներում Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը մասնակցեց Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումներին և իր օրհնությունը փոխանցեց աշակերտներին:

 

Գիտելիքի օրը աշակերտների հետ անցկացրեց նաև Տեր Պարգև քահանա Պալգևորգյանը, ով այցելեց Մրգավանի միջնակարգ դպրոց և իր օրհնությունը բերեց աշակերտներին:

Լիլիանա Օսիպյան

  • 2019-09-02
×