Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում

Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում

Սեպտեմբերի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և միության 15-րդ տարեդարձին:


Միության կողմից հրատարակված «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գրքում ներառված է հարսանյաց հանդեսի մի տարբերակ՝ համահունչ այսօրվա պահանջներին և միաժամանակ տրվում է հարսանյաց ավանդական ծեսի նկարագրություն:


Միջոցառումը սկսվեց Տեր Զգոն քահանա Աբրահամյանի Տերունական աղոթքով: Այնուհետև դիմելով ներկաներին Տեր հայրը ասաց. «Կոմիտասը՝ լինելով Հայ եկեղեցու վարդապետ, շատ էր կարևորում ազգային մշակույթի պահպանումը: Նրա միջոցով մենք մոտենում ենք մեր ազգային ակունքերին և մեր նպատակը դարձնում՝ նրա ժառանգությունը նոր սերունդներին փոխանցելը»:


Միջոցառումն ավարտվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի խոսքով: -Իմ շնորհակալությունն ու երախտապարտությունն եմ հայտնում Աստծուն, ում օրհնությամբ և հովանավորությամբ կարողանում ենք իրականացնել ՆԱՄ-ի առաքելությունը: Օրը խորհրդանշական է ոչ միայն մեր տարեդարձով, այլ գրքի շնորհանդեսով: Լիահույս եմ, որ գիրքը կծառայի իր նպատակին:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-09-06
×