Սեպտեմբերի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Խաչվերացի տոնին:
Թեմի երիտասարդական կառույցների անդամներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մասնակցեցին ընդհանրական աղոթքի, ապա, ճանապարհ ընկան խաչեր ու աղոթաթերթեր նվիրելու միջքաղաքային տրանսպորտի վարորդներին. «Ծրագիրն այս տարի որոշեցինք իրականացնել Երևանի երեք ավտոկայաններում՝ Կիլիկիա, Սասունցի Դավիթ ու Հյուսիսային: Նպատակն է խաչի զորության մասին ևս մեկ անգամ վկայել մարդկանց ու, նվիրելով խաչեր, երթուղիներից վերցնում ենք բոլոր սնոտիապաշտական առարկաները՝ աչքաուլունքներ, փշեր և այլն: Ի զարմանս մեզ առաջին իսկ տարվանից ծրագիրը սիրվել է բոլորի կողմից և մեծ տարածում գտել: Մեր երիտասարդաց միության անդամները ոչ միայն բաժանում են խաչերը, այլև փոքրիկ ինֆորմացիա տալիս Խաչվերաց տոնի մասին թե՛ վարորդներին, թե՛ երթուղայինի ուղևորներին:
Ոգևորիչ է շատ այն փաստը, որ երթուղիներում տեսնում ենք օրհնած խաչերն ու աղոթաթերթերը»,- մեզ հետ զրույցում նշեց Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգևոր խորհրդի ատենապետ Վահան Մարդյանը:
Երթուղայինի վարորդը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն տարի արդեն ավանդույթ է դարձել վարորդների համար այս գեղեցիկ տոնը. «Էրեխեքը ոգևորված պատմում են, խաչեր նվիրում, անգամ մեզ հետ երթևեկում օրվա մեջ ու պատմում, թե ինչքան կարևոր է հավատով վերաբերվել ամեն ինչին»:
Լիլիանա Օսիպյան