Այսօր նշում ենք Խաչվերացը՝ հինգերորդ տաղավար տոնը

Այսօր նշում ենք Խաչվերացը՝ հինգերորդ տաղավար տոնը

Խաչվերացի տոնի կապակցությամբ՝ սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Անուշավան քահանա Կոշեցյանն էր:

 

Խաչվերացը մեր Եկեղեցու հինգերորդ տաղավար տոնն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

 

Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»:


Խաչվերացի տոնը քրիստոնյա բոլոր եկեղեցիները նշում են սեպտեմբերի 14-ին, իսկ Հայ Եկեղեցին՝ սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-09-15
×