Անկախության տոնը՝ Արարատյան Հայրապետական թեմում

Անկախության տոնը՝ Արարատյան Հայրապետական թեմում

Ողջ հայության համար այսչափ կարևոր ու նշանակալի տոնը՝ սեպտեմբերի 21-ը, մեծ շուքով նշվեց նաև Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում:

 

Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացվեցին տոնական միջոցառումներ, որոնք օրվան համահունչ տրամադրություն ապահովեցին հավատավոր ժողովրդի համար:

 

Անկախության տոնի առթիվ Արարատ մարզի Սիս համայնքում Դաշտավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանայի ձեռամբ օծվեց գյուղում նոր կանգնեցված խաչը:

 

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի նախաձեռնությամբ անկախության տոնը մեծ շուքով նշվեց Մասիսի կենտրոնական հրապարակում՝ ծաղկադրման արարողություն, ֆիլմի ցուցադրություն, գեղարվեստական բեմականացումներ, համերգային ծրագիր և այս ամենն ամփոփվեց գեղեցիկ ու տպավորիչ հրավառությամբ:


Արաբկիր համայնքում անկախության տոնի առթիվ միջոցառումներից անմասն չէր մնացել նաև Արաբկիր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, ով առավոտը սկսեց Արաբկիր երկրապահ կամավորական միության անդամների օրհնության կարգով, ինչին հաջորդեց զինվորական հոսպիտալի մոտ տեղակայված Աղբյուր խաչքարի մոտ ծաղկադրման արարողությունը: Օրն ամփոփվեց համերգային ծրագրով:

 

Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանն էլ Անկախության տոնին Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների մասնակցությամբ կատարեց օրհնության կարգ, որից հետո երեխաներն ուխտեցին լավ սովորել և բարձր պահել իրենց դպրոցի պատիվը:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-05-12
×