Եկեղեցու հիմնարկեքի արարողություն Այգեզարդ համայնքում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Եկեղեցու հիմնարկեքի արարողություն Այգեզարդ համայնքում

Եկեղեցու հիմնարկեքի արարողություն Այգեզարդ համայնքում

2019 թ. սեպտեմբերի 22-ին, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ, տեղի ունեցավ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը, Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Այգեզարդ համայնքի գյուղապետ Ազատ Ավետիսյանը՝ աշխատակազմով հանդերձ, հարևան համայնքների գյուղապետներ, լրագրողներ:

 

Արարողության ընթացքում սաղմոսների ընթերցանության ներքո տեղի ունեցավ 16 քարերի ջրով և գինով լվացման արարողությունը: Այնուհետև «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգեցողությամբ Գերաշնորհ Սրբազան Հայրը սրբալույս մյուռոնով օծեց քարե սալիկները 12 առաքյալների, չորս ավետարանիչների, Պողոս Առաքյալի և Գրիգոր Լուսավորչի անուններով և հանձնեց 16 քարակիր ժառանգավորների, ովքեր օծված քարերը տեղադրեցին եկեղեցու հիմքերում:

 

Հավարտ հիմնարկեքի սրբազան արարողության, Սրբազան Հայրն իր օրհնության և գնահատանքի խոսքն ուղղեց ներկաներին՝ մասնավորապես նշելով, որ Այգեզարդ համայնքի յուրաքանչյուր անդամ իր կարողության սահմաններում պետք է մասնակից լինի այս ազգաշեն և աստվածահաճո գործին: Եկեղեցու կառուցումը կվերափոխի ոչ միայն Այգեզարդ համայնքի հոգևոր նկարագիրը, այլև կնպաստի ազգային գիտակցության բարձրացմանը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Այգեզարդի գյուղապես Ազատ Ավետիսյանը, եկեղեցու բարերար Գագիկ Մանուկյանը: Այնուհետև իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Լույս» ավանդական պարային խումբը՝ Արփինե Խաչատրյանի ղեկավարությամբ, «Մարի դենս» պարային խումբը՝ Մարինե Գրիգորյանի ղեկավարությամբ, «Այգեզարդ» պարային համույթը՝ Ալինա Հարությունյանի ղեկավարությամբ և «Արատտա» ավանդական երգի-պարի համույթը՝ Սերոբ Վարդանյանի ղեկավարությամբ: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մատաղի հյուրասիրություն:


Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցին կառուցվում է Այգեզարդի հավատավոր բնակիչներ Գագիկ և Արմեն Մանուկյան եղբայրների բարերարությամբ: Աստվածահաճո այս գործին իրենց մասնակցությունն է ցուցաբերելու նաև գյուղի ողջ հասարակությունը՝ հանգանակության միջոցով: Թող Աստված օրհնի բոլոր նախաձեռնողներին, կազմակերպիչներին, բարերարներին, շինարարներին և իրենց ընտանիքները խաղաղության մեջ պահի:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-09-23
×