Այսօր Սուրբ Գևորգի տոնն է

Այսօր Սուրբ Գևորգի տոնն է

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, նշում է Ս. Գևորգ զորավարի տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ է մատուցվում նրա անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում կա սրբի անունը կրող չորս եկեղեցի՝ Նորագավիթում, Մասիսիում, Մարմարաշենում և Կանաչուտում:


Ն. Ս. Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր աջը: Ողջ Պատարագի ընթացքում այն դրված էր Ս. Խորանի վրա: Պատարագիչը Տ. Մյուռոն ավագ քահանա Ադամյանն էր: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը Ս. Գևորգի աջով օրհնեց ներկաներին:

 

Հիշեցնենք, որ մինչև օրվա վերջ հավատացյալները հնարավորություն ունեն այցելել եկեղեցի և համբուրելով աջը՝ խնդրել սրբի բարեխոսությունը:

 

Ս. Գևորգի տոնը Վազգեն Ա Վեհափառի տնօրինությամբ համարվում է նաև Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու տոնը: Ավանդույթի համաձայն Ս. Գևորգի տոնի օրը Նորագավիթի բնակիչները մատաղ են մատուցում: Այս տոնը նրանք նշանավորում են նաև իրենց այգիների դեղձի օրհնությամբ: Նորագավիթի համայնքի անդամները Ս. Գևորգի տոնին օրհնության համար բերքից լավագույն մասը բերում են եկեղեցի և հյուրասիրում բոլոր այցելուներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-09-28
×